Thursday, September 22, 2011

Քաղաքագետ. ԼՂ գործընթացն արհեստականորեն արագացնելու դրսի ուժերի փորձերն անընդունելի են

News.am. 22-9-2011- Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում մոտ ժամանակներս որեւէ փոփոխություն ակնկալելն անիմաստ է, մանավանդ որ հարցի շուտափույթ լուծման մեջ շահագրգռված չէ Ռուսաստանը։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ շուտափույթ կերպով լուծել ղարաբաղյան հարցը։ Անպայման պետք է վերակենդանացնել այս կամ այն հակամարտությունը, որ հետո դրանց վրա ազդելով՝ կարողանան ազդել կողմերի վրա։ Ռուսաստանը չի ուզում, որ այս տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ լինի, բայց մյուս կողմից չի ցանկանում ղարաբաղյան հարցն արագ լուծել։ Դա լավ մեխանիզմ է Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ազդեցության տակ պահելու համար: Բացի այդ, Հայաստանը 1-2 տարով մուտք է գործում ընտրական գործընթացներ»,- նկատեց Գրիգորյանը։
Քաղաքագետն անթույլատրելի համարեց ղարաբաղյան գործընթացի հանգուցալուծումն արհեստականորեն արագացնելու դրսի ուժերի փորձերը։ «Կարգավորման գործընթացը շատ անգամ խափանվում է հենց այս պատճառով։ Ադրբեջանի շտապողականությունը բոլոր դեպքերում հասկանալի է, սակայն անհասկանալի է, օրինակ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շտապողականությունը։ Նա դա ամիսներ առաջ գուցե անում էր Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին իր վարկը բարձրացնելու համար, գուցե այլ պատճառով։ Սակայն ղարաբաղյան հարցը խաղուպար չէ, եւ արհեստական արագացումները կարող են լարվածության մեծացման ու հակամարտող կողմերի դիրքորոշումների կոշտացման հանգեցնել։ Ղարաբաղյան հարցը նաեւ «բազար» չէ, որ ասեն, երկու գյուղ ձեզ, մի գյուղ մեզ եւ այլն։ Սա շատ լուրջ խնդիր է, եւ պարզունակ «բազարներն» այս պարագայում անընդունելի են»,- նկատեց Գրիգորյանը։
Նրա կարծիքով, բանակցային գործընթացը ներկայումս հարաբերականորեն պասիվ փուլում է հենց Մեդվեդեւի ցուցաբերած շտապողականության պատճառով։ «Ծանր, սակայն օգտակար բանակցություններ են ընթանում։ Պարզապես վատ է, որ մոտ ապագայում երկու երկրների նախագահների հանդիպումներ, հայտնի չէ, թե երբ կկայանան, մինչդեռ առաջ կողմերը չէին խուսափում հանդիպել միմյանց»։Ամփոփելով՝ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ ինքը դեմ կլիներ, եթե մերոնք ինչ-որ ժամանակ վերցնեին Կիրովաբադը։
NEWS.am-ի թղթակցի հարցին՝ ինչո՞ւ, քաղաքագետը պատասխանեց. «Ես ուզում եմ ցույց տալ, որ Հայաստանում խաղաղասեր մարդիկ կան։ Բայց դա չի նշանակում, որ իմ ասածը վերջնական ճշմարտություն է»։
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Կազանում՝ հունիսի 25-ին:

No comments: