Wednesday, September 14, 2011

Ավելանում են ու դառնում ավելի գիտակից

«Լրագիր» 14-9-2011- Անկախությունը որպես արժեք որքանո՞վ է այսօր գիտակցական դաշտում հարցին, հրապարակախոս Արա Նեդոլյանը պատասխանել է, որ, անշուշտ, անկախությունը բոլոր գիտակից մարդկանց ուշադրության կենտրոնում է, և չորրորդ տարին ընթացող Սահմանադրական շարժումը, Սահմանադրական հեղափոխությունը հենց անկախացման արմատավորման, հասունացման վկայությունն են:
Նրա խոսքով`բավական չէ, որ կատարվեն երկրի անկախացման համար անհրաժեշտ իրավական գործողությունները, անկախությունն իրականում ձեռք է բերվում, երբ հասարակությունը դառնում է գիտակից, կարողանում է գործիքավորել Սահմանադրությունում եղած ազատության, մարդու իրավունքի բոլոր հնարավորությունները, դրանք դարձնել իր իրական կյանքի կազմակերպման կանոններ: Այսօր արդեն քիչ չեն այն մարդիկ (և նրանց թիվն աճում է), ովքեր, Արա Նեդոլյանի խոսքով, ընդունակ են երկրի անկախությունը և սահմանադրական իրավունքներն ընկալել իբրև սեփական անձի, գիտակցության, գործունեության ազատություն, սեփական կյանքում իրագործվող իրավունք.
«Եվ միայն երբ սահմանադրական կարգը, ոչ թե թվացյալ բոլորի, այլ ամեն մեկի անկախությունը հաստատվի, ճանաչվի, գործի, մենք կկարողանանք ասել՝ մենք ապրում ենք մարդու անկախության, և ոչ միայն պարզապես անկախ երկրում»:
Այսօրվա Սահմանադրական շարժումը, Արա Նեդոլյանի կարծիքով, իր մեջ գիտակից վերապրում է ու վնասազերծում բոլոր այն գործոնները, որոնք բերեցին 88-ի անկախական Շարժման ժամանակավոր նահանջին, վերապրում ու հրաժարվում է միլիտարիզմից ու ուժի պաշտամունքից, պոպուլիզմից ու հարցերը արագ ու անօրեն լուծելու գայթակղությունից, էթնիկ ազգայնականությունից, հիմնադրույթները չհստակած գործելու ցանկությունից, օլիգարխիկ տնտեսությունով նյութական հրաշքներին հասնելու արատավոր արկածախնդրությունից:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս են մղվում այդ ընթացքում Շարժումից, ներկայացնում են այս կամ այն հնարավոր, բայց չկայացած մոլորությունը, որոնցից այս անգամ Շարժման ապագան ազատվում է: Մնում են, և ավելանում են, ու դառնում են ավելի գիտակից՝ մաքուր անկախության, սահմանադրական իրավունքի արժեքի կրողները», ասել է Արա Նեդոլյանը:
Իսկ արդյոք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ դեռևս շարունակվում են հայերի կայսերապաշտական նկրտումները. հրապարակախոսը հիշել է, թե ինչպես 80-ականների վերջին-90-ականների սկզբին մենք լի էինք առավելության զգացումով կայսերական Ռուսաստանի նկատմամբ, և միաժամանակ նրան ազատագրվել օգնելու ցանկությամբ.
«Հիշում եմ, ինչպես էինք մուտք գործում, օրինակ, Մոսկվա իբրև մի այլ, ազատության ու ինքնագիտակցության ավելի բարձր մակարդակ նվաճած հասարակության ներկայացուցիչներ, իբրև Ռուսասատանի լուսավորիչներ հենց այդ կայսերապաշտությունից: Եվ ռուսաստանցիք ինչ սիրով, հույսով ու հավատով էին մեզ նայում, ինչպես հատուկ գալիս էին Երևան, որ գան Ազատության հրապարակ, շնչեն ազատության հոտը, տեսնեն ինքնիշխան հասարակության այդ հրաշքը, որը մեր հանրահավաքներն էին: Հիմա դա վերադառնալու է: Կայսերապաշտության չափը դա հասարակության, մարդկանց ներքին անկախության հակառակ համեմատականն է»:
Արա Նեդոլյանը նշել է, որ սա պայմանավորված է հանրահավաքների չմարող ակտուալությամբ, հետաքրքրությամբ, մտավոր հստակ կառույցով, որոնց միջոցով ձևավորվել է հիմք ունեցող հասարակություն:

No comments: