Tuesday, September 13, 2011

Ուրուգվայի քայլն անշրջելիություն կապահովի ԼՂ անկախության ճանաչման առումով. Ստյոպա Սաֆարյան

Tert.am. 12-9-2011- «ԼՂ անկախությունը ճանաչելու Ուրուգվայի քայլը ողջունելի է և շատ կարևոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, որովհետև եթե որևէ երկիր նման քայլ անի, մանկապարտեզ չի, որ հետո փոշմանի։ Հետևաբար այդ քայլով նա անշրջելիություն կապահովի ԼՂ անկախության ճանաչման առումով»,- մեկնաբանելով Ուրուգվայի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու հայտարարությունը՝ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նշենք, որ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն սեպտեմբերի 9-ին Ուրուգվայում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել էր. «Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»:
Սաֆարյանը հիշեց, որ 1992թ-ին Լատինամերիկյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Ուրուգվայը ցանկանում էին քննարկել ԼՂ ճանաչման հարցը, որի պատճառով էլ այդ ժամանակ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԳՆ-ի կողմից պաշտոնական փաստաթուղթ էր դրել շրջանառության մեջ: Սաֆարյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը մատնանշում էր հինգ պատճառ, թե ինչու պետք է ճանաչել ԼՂ անկախությունը:
Խորհրդարանական խմբակցության ղեկավարն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ երբ իրենք հանդես եկան Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությամբ, իշխանությունները նշեցին, թե սկզբունքորեն դեմ չեն դրան, սակայն կարծում են, որ առաջինն այլ երկիր պետք է ճանաչի ԼՂ անկախությունը: «Եվ հիմա, եթե մի երկիր ճանաչի ԼՂ անկախությունը, սա շատ լուրջ փորձաքար կլինի Հայաստանի համար: Եվ եթե Հայաստանն էլ ճանաչի ԼՂ անկախությունը, ապա դա Հայաստանին հնարավորություն կտա ԼՂ-ի հետ համագործակցության իրավապայմանագրային լայն դաշտ ստեղծելու»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

No comments: