Tuesday, September 6, 2011

Իրանը համաձայն է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ պատժամիջոցները հանելու պայմանով

Tert.am. 6-9-2011- Իրանը պատրաստ է 5 տարվա ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տրամադրել «լիակատար թույլտվություն» ծանոթանալ իր միջուկային ծրագրին՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց։ Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին։
Աբասին, սակայն, չի պարզաբանել՝ ինչ ինքը նկատի ունի «լիակատար թույլտվություն» ասելով, և ՄԱԳԱՏԷ-ի կողմից ինչ միջոցառումներ է Իրանն ընդունելի համարում։ Պաշտոնյան հայտնել է, որ Իրանի ատոմային ճյուղը, գնալով ավելի շատ, դառնում է դրսից հարձակումների օբյեկտ, ինչպիսին են կիբերհարձակումները և անորակ սարքավորումների մատակարարումը։
Շատ երկրների իշխանություններ և միջազգային կազմակերպություններ անհանգստացած են Իրանի միջուկային ծրագրից, քանի որ նրանք կասկածեր ունեն, որ Իրանը ատոմային զենք է մշակում։ Թեհրանը, սակայն, արհամարհում է միջազգային հանրության կողմից ուրանի հարստացումը դադարեցնելու կոչերը և պնդում, որ ծրագիրը բացարձակապես խաղաղ բնույթ ունի
Քանի որ Իրանը հրաժարվում էր միջուկային բնագավառում համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների հետ, ՄԱԿ-ը նրա դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել։ Մասնավորապես, արգելվում է Իրանի մի շարք քաղաքացիների և ընկերությունների տնտեսական հարաբերություններ ծավալել արտասահմանում, և սահմանափակումներ են դրվել երկիր զենք ներմուծելու վրա։

No comments: