Sunday, September 25, 2011

Իրանցի պաշտոնյա. «Հայոց ցեղասպանության թանգարանում ներկայացված փաստաթղթերը հաստատում են ողջ եղելությունը»

Panorama.am. 24-9-2011- «Մինչև Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը այդ հարցի վերաբերյալ բավարար չափով տեղեկատվություն չենք ունեցել, այդ առումով, անհրաժեշտ է, որպեսզի արտերկրում Ցեղասպանության մասին ավելի շատ խոսվի, սակայն թանգարանում ներկայացված փաստաթղթերը հաստատում են ողջ եղելութունը»:
Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի անկախության 20-ամյակի և էրեբունի-Երևան տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իսֆահանի քաղաքապետարանի պատվիրակության ղեկավար Բաման Ահմադին:
Իրանցի պաշտոնյան, խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, մասնավորապես, նշեց. «Բարեբախտաբար Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկու երկրների հարաբերությունները գտնվում են զարգացման և ընդլայնման փուլում, Երևան և Իսֆահան քույր քաղաքների միջև առկա նմանատիպ փոխայցելություններն ու համագործակցությունը կնպաստեն, որպեսզի երկու երկրների հարաբերություններն օրեցօր ավելի զարգանան և ամրապնդվեն:
Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը նաև նպաստում է իրանահայ համայնքը, մասնավորապես` Իսֆահանում ապրող հայերը համարվում են Իրանի ազնիվ, հավատարիմ և ճշտապահ քաղաքացիներ»:

No comments: