Thursday, September 29, 2011

Արդի ներքաղաքական իրավիճակի շուրջ. հայացք ձախից

Սույն վերլուծությունում փորձ է արվում ուսումնասիրել ներկա ներքաղաքական իրավիճակը ձախակողմյանների տեսանկյունից: Ձախակողմյան ասելով՝ նկատի ունենք այն ուժերին, որոնք դավանում են ժամանակակից սոցիալ-դեմոկրատիզմի սկզբունքները, պաշտպանում ժողովրդի ապստամբելու իրավունքն այն պարագաներում, երբ բացակայում են խաղաղ ուղիները: Ընդսմին, վերլուծության մեթոդաբանական հիմք է ծառայում կենտրոնի կողմից մշակված՝ Հայաստանում քաղաքական գործընթացքների ալիքային զարգացման հայեցակարգը, որի հիմնական հայեցակետերն են` առաջ ընկնումը,հետ սահումը,ծանրության նոր կենտրոնի ձևավորումը:
Առաջ ընկնումը: 2007թ. աշնանը նախընտրական քարոզարշավի շեմին մեծ քաղաքականություն վերադարձած Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացված քաղաքական հայտը չուներ պարզ իշխանափոխություն՝ հանուն իշխանափոխության բնույթ:Ընդհակառակն ,հրապարակավ հնչեցվեց իշխանափոխություն հանուն սոցիալափոխության գաղափարը, որի բովանդակությունն էր օլիգարխիկ-կլանային համակարգի կազմաքանդումը, բռնիշխանության վերացումը և ժողովրդավար, իրավական, սոցիալական պետության կերտումը:
Շնորհիվ դրա, տասնյակ հազարավոր հայաստանցիներ միաբանվեցին՝ ձերբազատվելով քաղաքական ապատիայից: Ծնունդ առավ քաղաքացիական հասարակություն. հայաստանցին վերջապես գիտակցեց, որ ինքը քաղաքացի է, այսինքն` երկրի իրական տերը:
Շատերին այն ժամանակ թվում էր, որ իշխանափոխություն հանուն սոցիալափոխության գաղափարի առաջադրումը այն տակտիկական պարզ քայլն է, որը կբերի, անկասկած, քաղաքական հաղթանակի: Սակայն հետագայում պարզվեց,որ երբ իշխանափոխության պահանջը զուգակցվում է սոցիալափոխության պահանջով, քաղաքական հաղթանակի հնարավորությունները կտրուկ նվազում են: Հիմնական թիրախ ընտրված օլիգարխիկ-կլանային համակարգը,որը հաճույքով կծառայեր նոր իշխանությանը, եթե չբարձրացվեր սոցիալափոխության խնդիրը, ղեկավարվելով ինքնապահպանման բնազդով, ոչ քաղաքական հարթությունում կասեցրեց օրինակարգ իշխանափոխության հանուն սոցիալափոխության փորձը:
Իշխանափոխության պահանջին սոցիալափոխության պահանջի գումարումը` դա առաջ ընկնումն էր, բայց ոչ թե պատրանքային ուտոպիայի իմաստով, այլ խորը գիտակցված քայլ էր, սառը հաշվարկած մարտահրավեր ապագային: Ժամանակավորապես կորցնելով քաղաքական հաղթանակը,որն իր հերթին դառնում էր ժամանակավոր և պայմանական առանց սոցիալափոխության, մենք ձեռք բերեցինք ամուր հենք ապագա մնայուն հաղթանակի համար` քաղաքացիական հասարակությունը, միաժամանակ չդավաճանելով սոցիալափոխության գաղափարին:
Հետ սահումը: Եթե առաջ ընկնումը իրենից ներկայացնում էր փորձ իրագործելու իշխանափոխություն գումարած սոցիալափոխություն, ապա հետանցումը` դա վերոհիշյալ փորձի ձախողումն է: Ձախողման արդյունքում արգելափակվեցին մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, առաջացավ քաղբանտարկյալների ինստիտուտ, սոցիալական անարդարությունը հասավ իր գագաթնակետին: Սոցիալական բևեռացումն ու աղքատությունը, միջազգային հանրության աճող դժգոհությունը Հայաստանում տիրող իրավիճակից,վերջին իրադարձությունները արաբական երկրներում և այդ ամենից բխող հնարավոր հետևանքները հուժկու համաժողովրդական ցասման ալիքի տեսքով, ստիպեցին օլիգարխիկ-կլանային համակարգին փոխել իր մարտավարությունը և համակերպվել իրողություն դարձած քաղաքացիական հասարակության և նրա քաղաքական ներկայացուցիչների հետ:
Ծանրության նոր կենտրոնի ձևավորումը: Իրավիճակի հնարավոր անկառավարելիությունը և օլիգարխիկ-կլանային համակարգի փլուզման վտանգը ստիպեցին իշխանություններին տեղափոխել հակամարտությունը իր բուն տեղը` քաղաքական հարթակ. մասամբ վերականգնվեցին մարդու իրավունքներն ու ազատությունները, վերացվեց քաղբանտարկյալների ինստիտուտը, պաշտոնապես սկսվեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Այսպիսով, հաստատվեց ծանրության նոր կենտրոն, որն իր մեջ պարունակում է երկիշխանության զգալի էլեմենտներ:
Ի՞նչքան կգոյատևի նորաստեղծ ծանրության կենտրոնը: Նկատի ունենալով այն հանգամանքը`
. Որ ընդդիմության կողմից պահանջվող արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում տեղի է ունենալու իշխանափոխություն գումարած սոցիալափոխություն, այսինքն օլիգարխիկ-կլանային համակարգը ոչնչանալու է:
Բ. Որ զուտ իշխանափոխության, առանց սոցիալափոխության դեպքում ոչնչանալու է ընդդիմությունը:
Գ. Որ նոր ձևավորված քաղաքացիական հասարակության պահանջը` սոցիալափոխությունն է:
Դ. Որ օլիգարխիկ-կլանային համակարգը, այդ ամենը պարզ գիտակցելով,ընդամենը որպես իմիտացիոն գործընթաց է դիտարկում երկխոսությունը, տեսնելով նրանում ժամանակ շահելու միջոց, կարելի է հանգել այն եզրականությանը, որ նորաստեղծ ծանրության կենտրոնը արդեն իսկ քանդվել է գործող իշխանությունների մեղքով, որոնք իրենց սպասարկող ուժային մարմինների սադրիչ գործողությունների միջոցով տորպեդահարեցին երկխոսությունը:
Իսկ ի՞նչ է գալու տեղը: Քանզի սույն վերլուծությունը հայացք է ձախից,հեղափոխական, այլ ոչ թե լիբեռալ դեմոկրատիայի տեսանկյունից, ապա նախընտրելի սցենարը կարելի է գտնել ԱՄՆ նախագահ Ա.Լինքոլնի հետևյալ խոսքերում «Երբ ժողովուրդը հոգնում է գործող իշխանությունից, նա կարող է օգտագործել իր սահմանադրական իրավունքը բարելավելու այն, կամ էլ օգտագործել հեղափոխական իրավունքը` տապալելու այն»: Սահմանադրական իրավունքը, մեզանում, ավաղ, արգելափակված է, մնում է միայն հեղափոխական իրավունքը:
Եվ չնայած, որ ՀԱԿ-ի առաջնորդը վերջերս բազմիցս հայտարարել էր, որ ինքն կողմնակից է էվոլյուցիոն,այլ ոչ թե ռեվոլյուցիոն ուղու, իմանալով նրա գերպատասխանատվության զգացումը, քիչ հավանական է ,որ նա հետ կքաշվի և անտարբեր կմնա ,թե ինչպես է ծայրահեղ ցասումով լի քաղաքացիական հասարակությունը կիրառում հեղափոխական իրավունքը: Ըստ ամենայնի, սա կլինի արդեն երեք տարի տևող շախմատային պարտիայի վաղուց հաշվարկած մատային քայլը:
Հաղթանակի ի՞նչ շանսեր ունի քաղաքացիական հասարակությունը ու նրա քաղաքական ներկայացուցիչը`ՀԱԿ-ը հեղափոխական իրավունքի կիրառման դեպքում:
Հեղափոխությունները չեն կատարվում որևէ մեկի ցանկությամբ կամ թելադրանքով: Նրանք ծնունդ են առնում օբյեկտիվ սոցիալ-տնտեսական հակասություններից այն պահերին, երբ այդ հակասությունների կրիտիկական լարվածությունը ստանում է զանգվածային քաղաքական ցասման տեսք և առաջանում է հեղափոխական իրավիճակ: Այդ առումով Հայաստանը պարարտ հող է հանդիսանում հեղափոխության համար, քանզի աղետալի սոցիալ-տնտեսական վիճակը, հայաթափումը արդեն հանգեցրել են լայն զանգվածների կրքերի ծայրահեղ բորբոքման: Առկա է համազգային ճգնաժամ ,որի պայմաններում զանգվածների ակտիվությունը օրեցօր աճում է և սպառնում է դառնալ անկառավարելի: Այդ արդարացի համաժողովրդական ցասումը սնուցվում նաև արաբական Արևելքից եկող հզոր պասիոնար (կրքոտության) էներգետիկ ալիքով, քանզի կրքոտությունը, ըստ մեծանուն գիտնական Լ.Գումիլյովի, վարակիչ է և չի ճանաչում պետական սահմաններ:
Սակայն անհանդուրժելի ճեղքվածքը ամենաէլեմենտար հիմնարար պահանջմունքների բավարարման սպասելիքի և իրական ողբերգական սոցիալ-տնտեսական վիճակի և զանգվածների դժգոհությունը դրանից ,դեռ բավարար պայման չեն հեղափոխություն ծնելու համար: Անմիջական պայթյունի համար հարկավոր են կատալիզատորներ` իրադարձություններ, որոնք արագացնում կամ մոտեցնում են հանգույցալուծում պահանջող` ծայրահեղ լարվածություն կրող հիմնախնդիրները: Ընդունենք, որ օլիգարխիկ- կլանային համակարգը գրեթե ամեն օր պարգևում է մեզ նման շռայլ “նվերներ” իր կողմից գործած անօրենություններով: Կատալիզատորների պակաս Հայաստանում չկա:
Հեղափոխություն իրականացնելու համար մյուս կարևոր պայմանը` ցանց-կազմակերպության առկայությունն է , որը ծավալվում է երկրով մեկ և ղեկավարվում է մի կենտրոնից: Այսօրվա դրությամբ ՀԱԿ-ը համապատասխանում է այդ չափորոշիչին, ներառելով իր մեջ 18 կազմակերպություն և չափազանց դինամիկ երիտասարդական թև և ունի լրացուցիչ պոտենցիալ կտրուկ ընդլայնելու իր ցանցն ու շարքերը:
Հարկավ ցանց-կազմակերպությունը ունենում է առաջնորդ, որպես կանոն խարիզմատիկ: Զանգվածները փնտրում են մարդու,որը կարող է ազդել կյանքի ընթացքի վրա, կապել իդիալականը և իրականը, անհնարինը և հնարավորը, շուռ տալ գոյություն ունեցող` անարդար կամ անօրինական կարգը և հասցնել հասրակությանը բաղձալի նպատակի: Նույնիսկ հակառակ ճամբարի ներկայացուցիչները ընդունում են,որ ՀԱԿ-ի առաջնորդը հենց այդ որակի քաղաքական գործիչ է:
Խարիզմատիկ առաջնորդն, իր հերթին,պետք է ունենա հենարան ձևավորված,քաղաքականապես արհեստավարժ ընտրանու տեսքով: Քաղաքական ղեկավարումը արդի փուլում այնքան բազմաուղղված և բազմագործառույթային է, որ մի անձը միայնակ պրակտիկապես չի կարող իրականացնել այն:ՀԱԿ-ը այսօր գործնականում ունի տարբեր գենեռացիաների գործիչներ,որոնք հաջողությամբ իրականացնում են քաղաքական ղեկավարումը բոլոր մակարդակներում:
Եւ վերջապես, արտաքին միջամտության գործոնի մասին,որը շատ անգամ որոշիչ դեր է ունենում հեղափոխության ճակատագրում: Քանզի արդի աշխարհում գործում է փոխադարձ կապվածության օրենքը և ներքաղաքական բախումները խախտում են համաշխարհային ուժերի դասավորությունը, այդ իսկ պատճառով առաջ է գալիս միջամտման հիմնահարցը:
Այդ առումով ներկա պահին ստեղծվել է մի եզակի իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները ունեն համաձայնեցված մոտեցումներ մի շարք հարցերում , և այդ թվում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ,ի՞նչը հուսադրում է, որ միջամտում բացասական իմաստով գոնե մոտակա ամիսներին չի նախատեսվում: Սույն հարցում ՀԱԿ-ը նույնպես շահեկան դիրքերում է:
Այսպիսով, ամփոփելով նյութը, կարելի է արձանագրել,որ հայացքը ձախից ներքաղաքական իրավիճակին, տեսանելի է դարձնում Հայաստանում ժողովրդավարության և սոցիալական արդարության հաղթանակը առավելապես հեղափոխական իրավունքի կիրառմամբ:
ՍԴՀԿ Վերլուծական Կենտրոն

No comments: