Sunday, September 11, 2011

«Լիբերմանի պլանը» բլեֆ է. Haaretz

Tert.am. 10-9-2011- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Թուրքիային համարժեք պատասխան տալու ծրագիրը նրա աձնական բլեֆն է։ Այս մասին Haaretz–ին ասել է իսրայելցի դիվանագետը, որի անունը չի նշվում։
Հերքելով «Եդիոտ Ահրոնոտ» պարբերականի այն հրապարակումը, թե Իսրայելի արտգործնախարարությունում տեղի ուենցած քննարկման ժամանակ դիվանագետներն առաջարկել են բավականին կոշտ քայլեր իրականացնել Թուրքիայի դեմ՝ Haaretz–ի զրուցակիցը նշել է, որ քննարկման ժամանակ առաջարկություն է եղել պարպել Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը։
«Տարբեր կարծիքներ հնչեցին, սակայն բոլոր առաջարկությունների իմաստը մեկն էր՝ ԱԳՆ–ի փորձագետներն առաջարկեցին Լիբերմանին խուսափել քայլերից, որոնք նոր լարվածություն կառաջացնեն Թուրքիայի հետ հարաբերություններում։ Իսկ «Եդիոտ Ահրոնոտի» կողմից արտահոսքը ոչ այլ ինչ է, եթե ոչ արտգործնախարարի հերթական բլեֆը, որը խայտառակում է սեփական գերատեսչության արհեստավարժությունը»,– ասել է դիվանագիտական աղբյուրը՝ տեղեկացնելով նաև, որ ԱԳՆ–ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Իսրայելի կողմից Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) հնարավոր աջակցության մասին հարցն ընդհանրապես չի քննարկվել։
«Հավանաբար դա անձամբ Լիբերմանի ցանկությունն է։ Իսկ եթե դա այդպես է, այդ մարդն ուղղակի աննորմալ է։ Մի՞թե Իսրայելը ցանկանում է Սիրիայի և Իրանի պես դառնալ ահաբեկչությանն աջակցող պետություն»,– ասել է Haaretz–ի զրուցակիցը։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ցուցաբերվելիք հնարավոր աջակցությանը՝ դիվանագիտական աղբյուրն ընդգծել է, որ այդ հարցում Իսրայելի դիրքորոշումը համընկնում է ԱՄՆ–ի դիրքորոշման հետ, այսինքն, խնդիրն իրար մեջ պետք է լուծեն հայ և թուրք պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները։
«Իսրայելը Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն չունի։ Իսկ ո՞վ է ասում, թե հայերը հիմա ցանկանում են վիճել Թուրքիայի հետ, էլ չեմ ասում այն մասին, որ հանուն դրա ընդունեն Իսրայելի օգնությունը»,– ասել է աղբյուրը։
Նշենք, որ երեկ իսրայելական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը գրել էր այն մասին, թե Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը որոշել է անպատասխան չթողնել Անկարայի կողմից Թել Ավիվի դեմ իրականացվող քայլերը և այդ նպատակով պատրաստել է հատուկ ծրագիր։ «Լիբերմանի պլանի» կետերից մեկի համաձայն՝ Թել Ավիվն աջակցելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

No comments: