Friday, September 30, 2011

Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանի «տոլերանտության» մասին են վկայում հայկական ջարդերն ու էթնիկ զտումները

News.am. 30-9-2011- Ադրբեջանը չեմպիոն է դարձել սեւը սպիտակ եւ սպիտակը սեւ ներկայացնելու անհաջող փորձերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե ՄԱԿ Անվտանգության խորհրդում որպես ոչ մշտական անդամ Ադրբեջանի ընտրության շարժառիթներից մեկը այդ երկրի տոլերանտությունը եւ այնտեղ մշտապես տիրող ազգային կրոնական հանդուրժողականությունն է:
«Բավական է միայն հիշել ադրբեջանական «տոլերանտության» օրինակները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ քաղաքներում` Լեռնային Ղարաբաղի եւ հարկից տարածքների հայ բնակչության նկատմամբ միաժամանակյա էթնիկ զտման քաղաքականությամբ: Բաքվի տարբերակով նման «տոլերանտությունը», իսկ իրականում ցեղասպանական քաղաքականությունը Ադրբեջանի կողմից իրականացվել են այն պահից ի վեր, երբ այդ պետությունը 1918թ. հայտնվեց աշխարհի քարտեզի վրա: Բավական է հիշել նաեւ հայերի ջարդերը Շուշիում»,-նկատեց Շավարշ Քոչարյանը:
Նա նաեւ նշեց, որ «մյուս էթնիկ խմբերի նկատմամբ Ադրբեջանի «հանդուրժողականության» աստիճանի մասին են խոսում թալիշների եւ լեզգիների ներկայացուցիչները, սակայն այլեւս չեն կարող խոսել տարածաշրջանի բազմաթիվ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, ովքեր դադարել են գոյություն ունենալուց Ադրբեջանի` աշխարհի քարտեզի վրա որպես պետություն ի հայտ գալու ընթացքում»: Նա նաեւ հիշեցրեց, որ վերջերս ԵԽ-ի` ընդդեմ ռասիզմի կոմիտեն իրական անունով էր կոչել Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող հասարակության մեջ տիրող հակահայ տրամադրությունները:

No comments: