Saturday, September 3, 2011

Անկարան վտարում է Իսրայելի դեսպանին

Tert.am. 2-9-2011- Այն բանից հետո, երբ The New York Times թերթում հայտնվեց ՄԱԿ–ի «Ազատության տորմիղի» հետ կապված զեկույցը, որն այսօր հրապարակվելու է, պաշտոնական Անկարան հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ թուրք–իսրայելական հարաբերությունների հետագա ճակատագրի մասին։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իսրայելի հետ հաջորդ շաբաթվանից սկսած առկախվելու են բոլոր ռազմական պայմանագրերը, դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցվելու են ժամանակավոր հավատարմատարի մակարդակին, երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները մինչև հաջորդ չորեքշաբթի վերադառնալու են իրենց պետություններ։
Բացի այդ, Դավութօղլուն հայտարարել է նաև, որ Անկարան չի ճանաչում Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը և անելու է հնարավորը՝ «Ազատության տորմիղի» միջադեպը Արդարադատության միջազգային դատարանում քննելու համար։
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ սպանվել էին 9 թուրքեր, Անկարան Թել Ավիվին ներկայացրեց չորս պահանջ, որոնց չիրականացման դեպքում Թուրքիան սպառնաց վերանայել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:
Անկարայի ներկայացրած պահանջները հետևյալն էին՝

1. Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից,
2. պետք է փոխհատուցում վճարի,
3. պետք է միջադեպի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով ստեղծվի,
4. պետք է վերադարձնի Իսրայելում պահվող նավերը։
Անկարան հայտարարել էր նաև, որ եթե Թել Ավիվը կատարի բոլոր չորս պահանջները, Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կշարունակի դեսպանի մակարդակով: Եթե կատարվի պահանջներից մի քանիսը, Թուրքիան կվերանայի ստեղծված իրավիճակը, իսկ եթե Թել Ավիվը չիրականացնի ոչ մեկը, Անկարան նրա հետ դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից կիջեցնի ժամանակավոր հավատարմատարի մակարդակին:

No comments: