Friday, September 30, 2011

«ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ՄԵՂՐԻՈՒՄ

«ԱԶԳ», 30-09-2011 - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀԳ միության եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Մեղրիում կանցկացվի «Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագիրը: Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը գլխավորում է հայկական պատվիրակությունը, իսկ իրանական կողմիցՙ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի տեղակալ Համիդ Շահաբադին: Երեկ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպեցին Ա. Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Լ. Անանյանը եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ռեզա Շաքիբան ու ներկայացրին օրերի ծրագիրը:
Պրն Պողոսյանն ասաց. «Այս վերջին 20 տարիների ընթացքում մեր երկու երկրների միջեւ համագործակցությունը շատ-շատ է խորացել, եւ այդ մասին են վկայում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումները, որոնք իրականացվել են ե՛ւ պետական մակարդակով, ե՛ւ մշակութային միությունների, ե՛ւ անհատների կողմից: Մշակույթի նախարարությունը մշտապես խրախուսում է այդ մշակութային կապերը եւ աջակցում է: Նույնատիպ մոտեցում ենք տեսնում նաեւ իրանական մեր գործընկերների կողմից, դառնալով ակտիվ գործընկեր»:
«Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագիրը համագործակցության նոր ձեւաչափ է, որը երկուստեք համաձայնությամբ կդառնա պարբերական եւ ամեն անգամ կանցկացվի մեկ այլ մարզում եւ նաեւ ԻԻՀ որեւէ մարզում: Այս անդրանիկ միջոցառումը նվիրվում է հայ-իրանական բարեկամության եւ ՀՀ անկախության 20-ամյակներին: Մեղրիի կամրջի վրաՙ սահմանային գծում իրանական պատվիրակությանը, կընդունի հայկական պատվիրակությունը եւ քաղաքի մշակույթի տանը կկայանա հայկական եւ իրանական գեղանկարչության, ժողարվեստի, ազգային նվագարանների ցուցահանդեսի բացումը, որից հետո կկայանա Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի եւ Իրանի ժողգործիքների անսամբլի համատեղ համերգը: Հաջորդ օրը կկայանան հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի (քանդակագործ Վան Սողոմոնյան) բացման արարողությունը եւ Բարեկամության պուրակի հիմնումըՙ ծառատունկով: Բացի դրանիցՙ օրերի շրջանակում հայ եւ իրանցի գրողները կմասնակցեն «Հայ-իրանական գրական կամուրջներ» ծրագրին, որին կհաջորդի շուրջ 700 կտոր գրքերի նվիրատվությունը մարզի գրադարաններին: Իսկ ՀԳՄ-ի կողմից 100 կտոր գրականություն կնվիրաբերվի Կարճեւանի միջն. դպրոցին, տեղեկացրեց պրն Անանյանը եւ ասաց, որ երկու երկրների գրողների փոխայցերից արդեն գրքասերների դատին է հանձնվել ծավալուն ժողովածու, առաջիկայում էլ առանձին մատենաշարով լույս կտեսնի թարգմանական գրականությունՙ Երեւանը գրքի մայրաքաղաք տոնին, հայկական եւ իրանական վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ, որին մեր կողմից ներկայացվել է Ռոբերտ Գեւորգյանցի «Սպահանի հայ համայնքը» եւ մյուսիցՙ «Իրանն այսօր» ֆիլմերով:
Մոհամմադ Ռեզա Շաքիբան նույնպես բարձր գնահատեց երկու երկրների միջեւ դարերի պատմություն ունեցող ոչ միայն մշակութային, այլ նաեւ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը եւ ջերմ բարեկամությունը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը եւ լրագրողներին, պրն Շաքիբան ասաց, որ համագործակցությունները լայն թափ են ստանում ու դառնում բովանդակալից: Հաջորդ շաբաթվանից Երեւանում կշարունակվի ծրագիրը, որի ընթացքում կլինի երկու համերգ, «ՀայԱրտ» կենտրոնում երկու երկրների բարեկամությանը նվիրված ցուցահանդես կբացվի, իսկ դերասանի տանը հոկտեմբերի 8-ին կկայանա «Մակբեթ իրանական ոճով» ներկայացման ցուցադրությունը: Իրանական օրեր ծրագրից հետո, մինչեւ մարտ ամիս կշարունակվեն մի շարք միջոցառումներՙ կապված հայ-իրանական բարեկամությանը: Փառատոնը հենց Մեղրիի կամրջի մոտ անցկացնելը խորհրդանշական է, քանզի հենց այդ վայրը 90-ականների սկզբին համարվեց «Կյանքի կամուրջ», ու բարեկամ Իրանի պետությունը հենց այդ ճանապարհով օգնեց Հայաստանին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

No comments: