Friday, September 30, 2011

Սարկոզին անցել է գրոհի՝ ֆրանսահայերի հետ հարաբերությունները վերականգնելու համար. Hurriyet

Tert.am. 30-9-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցել է գրոհի՝ իր և ֆրանսահայ համայնքի միջև խզված հարաբերությունները վերականգնելու համար։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը՝ անդրադառնալով Սարկոզիի՝ Փարիզում Շառլ Ազնավուրի համերգին ներկա գտնվելու հանգամանքը։
«Ֆրանսիայում հայկական Սփյուռքի և նախագահ Նիկոլա Սարկոզիի միջև սեպ էր խրվել այն բանից հետո, երբ վերջինս կասեցրել էր Սենատի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։ Սակայն հիմա Սարկոզին հայկական Սփյուռքի հետ իր հարաբերությունները վերականգնելու համար անցել է գրոհի»,– գրում է թուրքական պարբերականը՝ շարունակելով. «Սարկոզին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին Փարիզում մասնակցեց Շառլ Ազնավուրի՝ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 6-7–ն այցելելու է Երևան»։
Հիշեցնելով Ֆրանսիայում հայկական համայնքի մեծ թվաքանակի մասին՝ «Հյուրրիյեթը» գրում է. «Հայկական Սփյուռքը, ով Ֆրանսիայում ունի մոտ 500 հազար ընտրող, հայտարարել է, որ նախագահական ընտրություններում աջակցելու է սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Հոլանդին»։

No comments: