Friday, September 23, 2011

ՕԲԱՄԱ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ PKK-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է

Հանդիպումից հետո Թուրքիան փակեց իր օդային տարածքը Սիրիայի առջեւ
«ԱԶԳ» , 23-09-2011- Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում նախագահ Բարաք Օբաման հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ եւ տեւել է շուրջ 1,5 ժամ: Սկզբում երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել, որի ավարտին հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ: Թուրքական պատվիրակության մեջ են եղել փոխվարչապետ Ալի Բաբաջանը, Եվրոմիության գծով նախարար եւ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ այլք:
Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ապա, ենթադրություններին հակառակ, Պաղեստինի անկախության փոխարեն որպես առաջնարհերթ խնդիր քննարկվել է PKK-ի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը, որի առնչությամբ նախագահ Օբաման խոստացել է շարունակել ԱՄՆ-ի համագործակցությունը Թուրքիայի հետ: Այնուհետեւ կողմերը անդրադարձել են արաբական աշխարհի քաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Մալաթիայում տեղակայվող հակահրթիռային պաշտպանական համակարգի խնդիրներին եւ Օբաման այս երկու հարցերում որդեգրած դիրքորոշման համար շնորհակալություն է հայտնել Թուրքիային:
Օբամա-Էրդողան հանդիպմանը քննարկվել է նաեւ Արեւելյան Միջերկրականում Կիպրոսի Հանրապետության ամերիկյան «Նոբլ» ընկերության եւ Իսրայելի ներգրավմամբ իրականացրած բնական գազի հորատման աշխատանքների պատճառով առաջացած ճգնաժամի խնդիրը: Գալով Սիրիայում տիրող իրավիճակին, հանդիպման այդ հարցը հավանաբար քննարկված կլինի, սակայն թուրքական հանրային հեռուստատեսությունը Օբամա-Էրդողան հանդիպումը լուսաբանելիս դրա մասին ոչ մի տող չի նշել, ոչ էլ արծարծել է ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը: «Սթարը» նշել է, որ Օբամայի հետ հանդիպմանը Էրդողանը արծարծել է Պաղեստինի անկախության հարցը, արտահայտվել է անկախության ճանաչման օգտին եւ «հաճելի անակնկալ» է մատուցել ԱՄՆ նախագահինՙ տող առ տող ընթերցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանում նրա ունեցած ելույթի Պաղեստինին առնչվող հատվածը:
Անցյալ տարի սեպտեմբերի 23-ին նախագահ Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից ասել է. «Մենք բոլորս պարտավոր ենք որոշում կայացնել, տալով, իհարկե, նախապատվությունը խաղաղասեր քաղաքականությանը: Պատասխանատվությունը հակամարտող երկու կողմերինն է, հենց նրանք են կանխորոշելու պատմության ընթացքը: Մենքՙ Իսրայելի բարեկամներս, պետք է գիտակցենք, որ առանց անկախ Պաղեստինի կերտման անհնար է իրական ազգային անվտանգություն ապահովել Իսրայելի համար: Հաջորդ տարի, երբ մենք վերստին կհանդիպենք այստեղ, ապա կարող ենք ՄԱԿ-ին պարգեւել եւս մեկ անդամ: Դա կլինի Իսրայելի հետ խաղաղությամբ գոյակցող անկախ Պաղեստինի պետությունը»:
Այս տողերն ընթերցելուց հետո, ըստ «Սթարի», վարչապետ Էրդողանը հարցրել է, թե ինչու առ այսօր իրականություն չի դարձել Պաղեստինի անկախությունը, իսկ Օբաման պատասխանել է. «Ես իմ խոսքի տերն եմ, սակայն համոզված չեմ, որ Պաղեստինի անկախության ճանաչումը կհանգեցնի հարցի վերջնական լուծման: Կարճաժամկետ հեռանկարում դա կարող է որպես լուծում թվալ, սակայն որոշ ժամանակ հետո կպարզվի, որ հարցը (պաղեստինա-իսրայելական հակամարտության) ամենեւին էլ լուծված չէ»:
Այս պատասխանից հետո նախագահ Օբաման եւ վարչապետ Էրդողանը համաձայնության են եկել ընդգծելով, որ Պաղեստինի առնչությամբ ինչ որոշում էլ ՄԱԿ-ն ընդունի, պետք է խրախուսել պաղեստինա-իսրայելական բանակցությունները: Սա նշանակում է, որ Պաղեստինի հարցում Էրդողանը տեղի է տվել: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ նախքան Թուրքիայի վարչապետի հետ հանդիպելը նախագահ Օբաման, դիմելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, ասել էր, որ պաղեստինցիները անշուշտ վաստակել են անկախ պետականություն ունենալու իրավունքը, սակայն դա հնարավոր է միայն Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում:
Ի դեպ, ելույթից հետո տեղի ունեցած հանդիպմանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շնորհակալություն էր հայտնել Օբամային, որն էլ այնուհետեւ ընդունելով Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին նախազգուշացրել էր. «Եթե հարկ լինի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո կկիրառենք Պաղեստինի անկախության ճանաչման հարցում»:
Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթից հետո, որտեղ հստակ ձեւակերպված է ԱՄՆ-ի դիրքորոշումը Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, նախագահ Օբամային նախորդ տարվա ելույթի մասին հիշեցնելով, Էրդողանը փաստորեն վերահաստատել է Պաղեստինի անկախության նկատմամբ հաստատակամությունը, միաժամանակ կատարել խոստումը, քանի որ նա նախքան Նյու Յորք ուղեւորվելը Անկարայում ի լուր աշխարհի հիշեցման մասին էր արտահայտվել:
Սակայն կան խնդիրներ, որոնք ամենեւին էլ պայմանավորված չեն Էրդողանի հաստատակամությամբ, ոչ էլ նրա խոստումներով, այլապես թուրքական մամուլը PKK-ի ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցությունը չէր համարի Օբամա-Էրդողան հանդիպման գլխավոր արդյունքը, ոչ էլ վարչապետ Էրդողանը, ըստ երեւույթին այդ համագործակցության դիմաց կընդուներ Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի առջեւ փակելու որոշումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: