Saturday, September 10, 2011

WikiLeaks. Թուրքերն իսկապես կոտորել են հայերին

News.am. 9-9-2011- Անկարան երկու լուրջ փորձ է արել ոչնչացնել Հայկական հարցում Թուրքիայի մեղքն ապացուցող փաստաթղթերը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված գաղտնի հեռագրում գրել է Ստամբուլում ԱՄՆ դեսպան Դեվիդ Արնեթը՝ ներկայացնելով թուրք պրոֆեսոր Հալիլ Բերքթայի խոսքերը։ Հեռագիրը հրապարակվել է WikiLeaks-ում։
«Առաջին փորձն արվել է 1918 թվականին։ Դա, Բերքթայի եւ այլ գիտնականների խոսքով, հուշում են ցուցմունքները՝ տրված Թուրքիայի զինվորական տրիբունալին 1919 թվականին, համաձայն որոնց, արխիվներից գողացվել են կարեւոր փաստաթղթերը»,- գրել է ամերիկացի հյուպատոսը եւ շարունակել. «Զտման երկրորդ փորձը, թուրք գիտնականի խոսքով, դիվանագետների խմբի եւ պաշտոնաթող գեներալների կողմից կատարվել է 90-ական թվականներին։ Վերջիններիս ղեկավարել է Լոնդոնում Թուրքիայի նախկին դեսպան Մուհարեմ Նուրի Բերգին»:
Ընդ որում, նույն Բերգին, համաձայն դիվանագիտական հեռագրի, իր մերձավորներից մեկի հետ զրույցում խոստովանել է, որ թուրքերն, իրոք, կոտորել են հայերին։ Զտված արխիվների մասին որոշ վկայություններ տվել է նաեւ Թուրքիայում ամերիկյան հետազոտական ինստիտուտի տնօրեն Թոնի Գրինվուդը։ Նա պատմել է, որ իր՝ արխիվում աշխատելու ժամանակ պաշտոնաթող զինվորականների մի խումբ իրավունք է ստացել անարգել կերպով մուտք գործել այնտեղ եւ պատմական փաստաթղթերի ուսումնասիրության համար ամիսներ ծախսել։

Հայկական հարցով զբաղվող մեկ այլ գիտնական հաստատել է, որ արխիվների զտման գործընթացը փաստաթղթերի որակավորման անվան տակ շարունակվում է նաեւ մեր օրերում։ ԱՄՆ հյուպատոսը հեռագրում նաեւ նշում է, որ Անկարան արգելում է հայ մասնագետներին ուսումնասիրություններ անել արխիվում։

No comments: