Saturday, September 10, 2011

«ԲԱՆԱԿՈՒՄ ԴԵՌ ԳՈՐԾՈՒՄ Է ԳԱՂՈՒԹԱՅԻՆ, ԹԱՂԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ»

«ԱԶԳ, 09-09-2011- «Բանակում հանցագործությունները պետք է կանխվեն, կատարվածները բացահայտվեն եւ կանխարգելիչ գործողություններ մշակվեն նոր ողբերգական դեպքերի համար»: Սա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի տեսակետն է:
Բանակում բարեփոխումներ կատարելու նպատակով պետք է ԶՈՒ մի շարք կանոնագրքեր ընդունվեն: Դրանցից մեկը` ԶՈՒ ընդհանուր կանոնագիրքը արդեն պատրաստ է խորհրդարանում ներկայացմանը:
«Բանակը սկսվում է զորակոչից: Մեզ չի գոհացնում այն իրավիճակը, երբ անհատական մոտեցում չի լինում զորակոչիկին, երբեմն հիվանդներ են զորակոչվում, կամ մարդիկ, որ իրենց տեղում չեն, եւ կարծում ենք, ճիշտ ժամանակն է, որ պարտադիր ծառայությանը զուգահեռ ներդվի նաեւ կամավոր ծառայության սկզբունքը», ասաց Կարապետյանը` հավելելով, որ դա պայմանագրային զինծառայությունը չէ:
Ընդունելով «Ազգ»-ի մտահոգությունը, որ հաճախ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովում տեսողական լուրջ խանգարումներ ունեցող երիտասարդին, սրտի արատ կամ հոգեկան խնդիրներն ունեցողներին ուղարկում են բանակ, իսկ նրանք, ովքեր առողջ են եւ պիտանի ծառայության, կլորիկ գումարի միջոցով հիվանդություն են նկարում եւ ազատում, ասաց. «Շատ ճիշտ է: Վերջին դեպքն էլ` կապված Հովհաննես Վարդանյանի խելագարության հետ, եկավ ապացուցելու, որ այս խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձվի: Դրա համար հավաքակայանում զինվորի պիտանիության մասին վերջնական որոշումը այսուհետեւ կտան ոչ թե հավաքակայանի բժիշկները, այլ ռազմաբժշկական հանձնաժողովը: Սա ինչ-որ չափով նաեւ հակակոռուպցիոն միջոցառում է»:

Զինվորների արձակուրդ գնալու խնդիրը նույնպես կանոնակարգման անհրաժեշտություն է զգում: Կարապետյանը վստահ է` այն պետք է կանոնակարգվի օրենքով, այլ ոչ հրամանատարի քմահաճությամբ: «Պետք է վերացվի հրամանատարի սուբյեկտիվ մոտեցումը, թե ինքը կբարեհաճի՞ 6 ամիս հետո զինվորին ուղարկե՞լ արձակուրդ, թե՞ ոչ»: Կարապետյանը համոզված է` բանակում պետք է օրենքները շատ գործեն, որպեսզի ցավալի ողբերգական դեպքերը բացառվեն, սակայն միայն օրենսդրական նախաձեռնությունները բավարար չեն ողբերգական դեպքերը բացառելու համար: Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այստեղ էլ դրանք չպետք է մնան թղթի վրա: «Սա տարիների կուտակած խնդիր է, եւ խորհրդային բանակի կնիքը դեռեւս կա մեր բանակի վրա, իսկ մենք ուզում ենք, որ մեր զինված ուժերը լինեն ժամանակին համապատասխան ու հստակ օրենքներով շարժվող: Այն հրամանատարներն ու սպաները, որ չեն համապատասխանում իրենց կոչմանը, անկախ իրենց ունեցած ծառայություններից, պիտի բանակում չլինեն: Սա մեկ կամ հինգ տարվա լուծման խնդիր չէ, բայց մենք պարտավոր ենք շատ արագ լուծել»: Հրայր Կարապետյանը ցավում է, որ այսօր «Եղնիկներ» զորամասում նման դեպքեր են տեղի ունենում: «Ես էլ իմ ներդրումն եմ ունեցել այդ զորամասի ստեղծման գործում եւ հիմա ցավում եմ»:
Կարապետյանն ասում է, որ կան զորամասեր, որտեղ հրամանատարը, սպայական կազմը շաբաթներով զորամաս չեն մտնում` հետաքրքրվելու, թե ինչ է կատարվում: Նրանց բացակայության ժամանակ բանակում այլ օրենքներ են լինում: Բանակը վերածվում է «գաղութի»: Բանակում դեռ գործում է «գաղութային, թաղային օրենքը»: Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին, Կարապետյանն ասաց, որ նախարարության տվյալներով մահացության դեպքերը բանակում նվազել են: Նա մահացությունների մասով որեւէ թիվ չհրապարակեց` ասելով, որ նման լիազորություն չունի: Նա նաեւ չհրապարակեց, թե սպայական կամ հրամանատարական անձնակազմի քանի ներկայացուցչի նկատմամբ է քրեական գործ հարուցված եւ քննություն ընթանում: Կարպետյանը խոստովանեց, որ վստահում է Սեյրան Օհանյանին: «Նա մտավորական է, պատերազմի բովով անցած մարդ, ունի բարեփոխումների վերաբերյալ բազմաթիվ ծրագրեր, եւ համոզված եմ, որ դրանք արդյունավետ կլինեն»:

Հ. Գ. Երեկ կառավարության նստավայրից մեկնարկեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների երթը: «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած «Սեւազգեստ մայրերի» ակցիայի մասնակիցները այնուհետեւ շարժվել է դեպի նախագահական նստավայր: Նրանք ձեռքերին պահել էին պաստառներ` «Բանակը` սպանդանոց», «Ես որդի չունեմ մարդակեր բանակի համար», «Մարդասպան բանակ» գրություններով, եւ պահանջում էին արդար քննություն անցկացնել ու պատժել իրենց որդիներին սպանողներին: Վերջին 10 օրվա ընթացքում բանակում աղմկահարույց երեք դեպք տեղի ունեցավ: Երկու զինվոր սպանվել էր, մյուսին էլ ծնողները հայտնաբերել էին Նորքի հոգեբուժարանում` խելագարված վիճակում: Երեք դեպքերի կապակցությամբ սկսվել է նախաքննություն:
Սեպտեմբերի 7-ին Հայկ Վասիլի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ժամկետային զինծառայող Լենդրուշ Նազլուխանյանը: Սակայն ծնողները չեն հավատում, որ իրենց որդուն անզգուշաբար են սպանել: Հայկը վիրավորվել է երկու տեղից: Հայկի հարազատների պնդմամբՙ նրա մարմնից հայտնաբերվել է 14 փամփուշտ:
ՀԱԱՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: