Tuesday, September 6, 2011

Ալիեւ. Իրանը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար. WikiLeaks

News.am. 6-9-2011- WikiLeaks կայքը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էնն Դերսիի կողմից 2007 թ. փետրվարի 21-ին Վաշինգտոն ուղարկված գաղտնի հեռագիրը: Փաստաթղթում ներկայացված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Շվեցարիայում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի հետ ունեցած գաղտնի հանդիպման մանրամասները, հաղորդում է «Ազադլըգ» ռադիոկայանը:
Ամերիկացի դիվանագետը գրում է, որ հանդիպման շրջանակներում կողմերը բացահայտ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն Իրանի հանդեպ: Ալիեւը Իսրայելի նախարարին հայտնել է, որ Իրանը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար: Ադրբեջանի նախագահը նախարարի ուշադրությունը հրավիրել է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային միավորված ջանքերով ճնշում գործադրելու անհրաժեշտության վրա:
«Ալիեւը Լիվնիին հայտնել է, որ Իրանը շատ լուրջ վտանգի աղբյուր է: Ոչ մի ճնշում չի կարող ստիպել Իրանին հրաժարվել իր մտադրություններից, քանզի Իրանն իրեն պահում է որպես «անկյուն մտած վայրի գազան»: Իլհամ Ալիեւը հավելել է, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ճնշումները ոչ մի ազդեցություն չեն ունենալու»,-նշված է Էնն Դերսիի գաղտնի հեռագրում:

No comments: