Sunday, September 4, 2011

WikiLeaks. «Ալիևը վստահ չէ, որ ունակ է ԼՂ հարցը լուծել ուժային ճանապարհով»

Panorama.am.3-9-2011- WikiLeaks կայքը ներկայացրել է ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված «BAKU 00000776 003 OF 004» փաստաթուղթը, որում ներկայացված են ԼՂ հարցի կարգավորման շուրջ պաշտոնական Բաքվում տիրող տրամադրությունները:
2008թ-ի ռուս-վրացական պատերազմն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արժեքազրկեցին Երևանի վրա ճնշում գործադրելու Բաքվի երկու հիմնական լծակները`նավթային գումարների հաշվին ադրբեջանական ռազմական ներուժի աճը և Հայաստանի շրջափակումը:
Փաստաթղթում ասվում է, որ ժամանակ առ ժամանակ Ալիևն իրեն դրսևորում է որպես շատ նեղ հայացքների տեր քաղաքական գործիչ, քանի որ կարծում է, որ իր էներգակիր ռեսուրսների միջոցով կարող է ներգործել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս ստիպի Հայաստանին զիջումների գնալ և վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարող 5 շրջանները: Զեկույցի հեղինակը նշում է, որ եթե ռուսներն ի վիճակի լինեին դա անել, վաղուց արած կլինեին:
2008թ-ի ռուս-վրացական պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը նպատակ ունի պահել Հարավային Կովկասում իր ուժային գերակայությունը, ինչը բավականին թևաթափ է արել Ադրբեջանին, քանի որ պաշտոնական Բաքուն վստահ է, որ ՌԴ-ն լիարժեք ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին:
Համաձայն զեկույցի` Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որ ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԼՂ հարցի կարգավորման հիմնական խաղաղարար միջնորդ և վստահություն են հայտնել, որ ՌԴ-ն երբեք չի սատարի հիմնահարցը ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի ցանկությանը:
Ինչպես նշվում է զեկույցում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես թևաթափ արեց Ադրբեջանին, քանի որ նրանք կարծում են, որ Հայաստանի շրջափակումը կարող է թուլացնել պաշտոնական Երևանի դիրքերը ԼՂ շուրջ բանակցությունների ժամանակ: Զեկույցի հեղինակը կասկած է հայտնում այդ համոզմունքի ճիշտ լինելու վերաբերյալ: Նա նաև ենթադրությում, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գաղտնի պայմանավորվածություն կա առ այն, որ թուրքական մեջլիսը չի վավերացնի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները մինչև ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվի:
Նամակում նշվում է, որ ԼՂ հարցում Ադրբեջանի հասարակությունը գտնվում է Ալիևի կառավարության կողմից իրականացվող թշնամանքի քարոզչության ազդեցության ներքո: Ադրբեջանում որոշումները թելադրվում են վերևից ներքև սկզբունքով, այնինչ Հայաստանում հասարակությունը շատ ավելի մեծ դեր է խաղում քաղաքական որոշումների ընդունման հարցում: Զեկուցագիրը շեշտում է, որ եթե Ալիևն իսկապես ցանկանում է լուծել ԼՂ հարցը, նա պետք է փոխի Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող քարոզչության բնույթը:

No comments: