Saturday, October 1, 2011

Ադրբեջանի պաշտպանության նախարարը «Ենի Մուսավաթ»-ից 125 հազար դոլար է պահանջում

News.am. 1-10-2011- Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն իր դեմ հրապարակումներով հանդես եկեղ «Ենի Մուսավաթ» թերթից 100 հազար մանաթ (125 հազար դոլար) է պահանջում, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Թերթի իրավաբան, Վագիֆ Հուսեյնի հաղորդած տեղեկության համաձայն, սեպտեմբերի 30-ին, հրատարակչությունն ստացել է հայցադիմումը` ՊՆ փոխնախարար գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մեմեդովի ստորագրությամբ:
«Հայցադիմումի մեջ Չինգիզ Մեմեդովը պնդում է, որ թերթի մի շարք հոդվածներում արծարծվող մտքերը անհարիր են եւ անպատվաբեր»: Նա «Ենի Մուսավաթ»-ից պահանջում է 100 հազար մանաթ, ինչպես նաեւ պնդում, որ հոդվածների հեղինակները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Տարօրինակ է, որ դատական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, իսկ հայցադիմումը հրատարակչությունն ստացել է սեպտեմբերի 30-ին, գրում է «Ենի Մուսավաթը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն դատի է տվել իր դեմ հրապարակումներով հանդես եկող «Ենի Մուսավաթ» թերթին, ով մեղադրել էր ՊՆ-ին` իր դեմ հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն APA-ին տված հարցազրույցում ասել էր. «Ես զրուցել եմ թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուի հետ, բավական լարված խոսակցություն ենք ունեցել: Զգում եմ, որ կասկածում է մեզ, սակայն նրա կասկածներն անհիմն են: Ծիծաղելի է: Միթե ՊՆ-ն բան ու գործ թողած կայք է ջարդում: Մենք անհրաժեշտ ենք համարում, օրենքին գերապատվություն տալով, հանդես գալ բոլորովին այլ հարթակից: Դատարանում «Ենի Մուսավաթ» թերթից ապացույցներ եւ փաստարկներ ենք պահանջելու»:
Հիշեցնենք, որ «Ենի Մուսավաթը» վերջին շրջանում հրապարակում էր Ադրբեջանի Ռազմական ակադեմիայի ուսանողների նամակները: Վերջին նամակում նրանք մասնավորապես նշել էին. «Եթե ուսումնասիրեք Գլխավոր ռազմական ակադեմիայի եւ Գլխավոր ռազմական դպրոցի այս տարի ընդունվածների էթնիկ կազմը, ապա կսկեք խղճալ Ադրբեջանի թուրքերին: Մասնագետների 70 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Դա Սաֆար Աբիեւի «իմաստուն», «հեռատես» շովինիստական քաղաքականության դրսեւորումներից է: Ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության ապագայի համար»:

No comments: