Saturday, October 29, 2011

«Լրագիր» 29-10-011- Հայաստանի քաղաքական իրավիճակը վեր է հանում զարգացման նոր միտումներ, եւ միաժամանակ իշխող դասի ոչ համարժեքությունը այդ միտումներին:
Վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ ով չհամագործակցի ՀՀԿ-ի հետ, կկանգնի կոտրած տաշտակի առաջ, բուռն քննարկվեց մամուլում: Ենթադրություններ արվեցին այն մասին, որ հայտարարությունը հասցեագրված էր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Սակայն հատկանշականն այն չէ, որ վարչապետի մամուլի քարտուղարը հերքեց ԲՀԿ-ի «առնչությունը», այլ այն, թե ինչպես էին նա եւ հանրապետական պատգամավորները «պարզաբանում» Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը:
Հանրապետականները պնդում են, որ Սերժ Սարգսյանը վարում է համախմբման եւ ոչ թե դիմակայության քաղաքականություն, եւ փորձում է իր շուրջ հավաքել բոլոր քաղաքական ուժերին: Նման կուրսը բացարձակապես հակասում է քաղաքական բաց մրցակցության գաղափարին, որը ժամանակակից ժողովրդավարական համակարգի հիմքն է: Դրա էությունն այն է, որ ոչ մի քաղաքական ուժ երկրում չունի բացարձակ իշխանություն եւ միշտ վերահսկվում է այլ ուժերի կողմից, որոնք թույլ չեն տալիս երկրում հաստատել ավտորիտարիզմ եւ տիրապետում են դա կանխելու մեխանիզմների:
Քաղաքական մրցակցությունն ուղղված չէ ազգային միասնության դեմ, ինչպես պնդում են այն ուժերը, որոնք համախմբման կոչերի տակ թաքցնում են ավտորիտար իշխանություն հաստատելու իրենց մտադրությունը:
Այն, որ հայաստանում իշխանությունն ավտորիտար է, ընդունում են նույնիսկ բարձրաստիճան չինովնիկները: Նրանք հայտարարում են, որ առանց նախագահիչեն ընդունվում նույնիսկ սովորական որոշումները: Եւ ավտորիտար իշխանության ամենամեծ սպառնալիքը ոչ թե ուժեղ մրցակից կուսակցություններն են, այլ նրանց ինքնուրույնությունը, երբ երկրում մնում են քաղաքական դաշտի սեգմենտներ, որոնք չեն վերահսկվում իշխանության կողմից:
Ներկայում Հայաստանում նախադրյալներ են ստեղծվում քաղաքական մրցակցության ստեղծման համար Եւ խնդիրը նույնիսկ մրցակցող կուսակցությունների որակի մեջ չէ, այլ՝ հենց երեւույթի մեջ, որը կարող է կոտրել ամբողջատիրությունը:
Ցավոք, Հայ ազգային կոնգրեսին դա չհաջողվեց անել: Չնայած քաղաքացիական ինքնագիտակցության արթնացման, քաղաքական վախի հաղթահարման եւ քաղաքացիական պայքարի ներդրման հարցում հսկայական ձեռքբերումներին, կոնգրեսը չկարողացավ դուրս գալ իշխանական ամբողջատիրության շրջանակներից: Դրա վկայությունը կոալիցիայի հետ բանակցությունն էր, որն ակամա դարձավ այն բանի խոստովանություն, որ իշխանության ձեւավորման առանձնաշնորհը կոալիցիայի ձեռքին է: Կոնգրեսը չներկայացավ որպես իշխանության իրական մրցակից:
Որքան էլ տարօրինակ հնչի, այդ գործառույթը կարող են իրականացնել կոալիցիոն կուսակցությունները: Սակայն միայն պայմանով, որ նրանք գիտակցում են ընտրության էությունը՝ որպես քաղաքական մրցակցության, եւ ոչ որպես բացարձակ իշխանության համար:
Առանց այդ գիտակցման ինչ որ պահի մրցակցությունը կվերածվի գործարքի, քանի որ ավտորիտարիզմը չգիտե բացարձակ իշխանությունը պահելու այլ ձեւ, քան «համախմբել» բոլորին իր շուրջ. ոմանց կերակրատաշտից դուրս թողնելու սպառնալիքով, ոմանց բլիթով, ոմանց էլ ժողովրդի թշնամի հռչակելով, քանի որ նրանք դեմ են համախմբմանը:
Նաիրա Հայրումյան

No comments: