Monday, October 3, 2011

Ձերբակալումներ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի առնչությամբ

Իրանի անվտանգության ուժերի կողմից 2-5 հայեր են ձերբակալվել Սպահանում

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 03.10.2011: Ոչպաշտոնական տեղեկությունների համաձայն Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի կապակցությամբ, Իրանի անվտանգության ուժերի կողմից 2-5 հայեր են ձերբակալվել Սպահանում:
Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե արդյո՞ք այս կապակցությամբ դիմում կատարվել է Ինտերպոլին, թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելու թե ոչ: Անհայտ է նաեւ, թե արդյո՞ք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիվ որոշակի քայլերի դիմել է թե ոչ:
Նոր Ջուղայում տարածվող լուրերի համաձայն՝ ձերբակալված կասկածյալների թիվը հինգ հոգի է, իսկ ավելի հավաստի աղբյուրները միայն երկու հոգու մասին են խոսում, ընդորում մեկը կին: Նույն աղբյուրի ասությամբ այս պահին մեղադրվողները, մեկ միլիարդ ռիալ (մոտ 85 հազար ԱՄՆ դոլլար) երաշխիքի դիմաց, գտնվում են ազատության մեջ:
Այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ նաեւ, թե կողոպտված թանգարանային իրերը ուր են կամ գտնվել են թե ոչ: Սակայն ասվում է, որ ըստ երեւույթի սրբապատկերները երկրից դուրս չեն տարվել, «այլ միայն նրանց պատկերներով են թալանողները Լոնդոնում հետաքրքրվել «ավարի» արժեքը ճշտելու համար»:
ՍՀԹ Թեմական խորհուրդը ցայսօր պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվել ձերբակալությունների կապակցությամբ եւ շարունակում է լռել:

No comments: