Thursday, October 27, 2011

ԼՂՀ ՊԲ-ն մեկնաբանել է անօդաչու սարքի ոչնչացման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը

«Այդ տեղեկությունները շատ հեռու է իրականությունից, ավելին, դրանում ճշմարտացիության որևէ հատիկ չկա»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկատվությունը, թե 2011 թվականի սեպտեմբերի 12-ին ԼՂՀ տարածքում խոցված անօդաչու ինքնաթիռը ոչնչացվել է ռուսական հատուկ ստորաբաժանումների կողմից՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում անելով իսրայելական «Debkafile» կայքին, գրել է, որ 2011 թվականի սեպտեմբերի 12-ին ԼՂՀ տարածքում խոցված անօդաչու ինքաթիռը ոչնչացվել է ոչ թե հայկական, այլ ռուսական հատուկ ստորաբաժանումների կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Նիկոլայ Բաբայանը նշել էր, որ «անօդաչու թռչող սարքերը, շատ դժվար է խոցել, նույնիսկ հայտնաբերել, որովհետև դրանք կառուցված են հատուկ կոմպոզիցիոն նյութերից: Բայց մեզ դա հաջողվեց` կիրառելով հատուկ սարքերը»:

Գնդապետը նաև նշել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու սարքերը առաջին անգամ չէ, որ կատարում են թռիչքներ ԼՂՀ ՊԲ գոտու առջև, և սահմանագծի երկայնքով: «Դե իսկ նպատակը պարզ է` հետախուզում»,-ասել էր նա, ապա շարունակել. «Այս անգամ անօդաչու թռչող սարքը խախտել է սահմանը, որի արդյունքում հակօդային պաշտպանության զորքերի և ռադիոէլեկտրոնային ուժերի համատեղ աշխատանքը թռիչքը կասեցրել է»:

Ի դեպ, ավելի վաղ, ադրբեջանական կողմը փորձում էր ամեն կերպ կոծկել անօդաչու ինքնաթիռը խոցելու փաստը, իսկ այժմ, ընդունելով փաստը, փորձում է ապացուցել, որ դրանք հայկական ստորաբաժանումների կողմից չեն ոչնչացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Ի պատասխան, ադրբեջանական կողմի հերքումների ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեց կործանված սարքի լուսանկարները:


No comments: