Thursday, October 27, 2011

Չխոստովանված հեղափոխություն

Մեր զրուցակիցն է հրատարակիչ-դիզայներ Սամվել Փարթամյանը
-Պարոն Փարթամյան, մի քանի ամիս առաջ Դուք քաղաքական երկխոսությունը ձևակերպում էիք որպես քաղաքական մշակույթի ձեռքբերում: Երկխոսությունն առկախվեց: Նույն կերպ բնորոշում էիք նաև Ազատության հրապարակը` որպես հանրային տարածք: Հանրահավաքներն ավարտվեցին, ինչո՞ւ տեղի չունեցավ հանրային համախմբում:
-2008-ի շարժումը հենվում էր 88-յան համազգային շարժման և լիդերների, և հասարակական համախմբման պրակտիկաների վրա: Սակայն նոր իրողությունները, նոր բաղադրիչները լիովին փոխեցին շարժման բովանդակությունը և հրահրեցին հասարակական գործընթացներ, որոնք էապես տարբերվում են 88-ի պատճառներից և հետևանքներից: Արտաքին նմանությունները գնահատման միևնույն սանդղակը օգտագործելու գայթակղություն է առաջացնում: Այդ «ստանդարտացումը» ավելի լայն ու ընդհանրական կոնտեքստում թույլ չի տալիս նկատել նոր իրողություններն ու գործընթացները: Համազգային համախմբման այն մոդելը, որ կիրառելի է ազգայնական հասարակության մեջ՝ անառարկելի մեծամասնություն լինելու և մեկ հարվածով հարցեր լուծելու, այժմ ոչ կենսունակ ստրատեգիա է: Հասարակական կյանքը չի սպասում «քաղաքական» որոշումների: Այն յուրացնում, առաջարկում ու ստեղծում է առկա իրավիճակում հնարավոր պրակտիկաներ ու գործողություններ:
Այն, ինչ հաջողվեց Կոնգրեսին դիմակայման չորս տարվա ու նստացույցի ութ օրերի ընթացքում, լուրջ փորձառություն էր հասարակության համար և լուրջ փորձություն էր իշխանության համար ռեալ գնահատելու առկա մարտահրավերները և սպառնալիքները:

-Ի՞նչ առկա մարտահրավերների մասին է խոսքը:
-Ես ուզում եմ անդրադառնալ մշակույթի ու քաղաքականության խնդրին: Նախորդ հարցազրույցում ես խոսում էի ոչ թե քաղաքական մշակույթի, այլ ընդհանրապես մշակույթի մասին, որի մաս է կազմում նաև քաղաքականությունը: Սակայն փոխվել է նաեւ բուն քաղաքականի բովանդակությունը:
Հրապարակում՝ իրական ու վիրտուալ, տեղի է ունենում հանրային կառավարման և ինքնակազմակերպման մոդելի փորձարկում և կիրառում, որը որպես քաղաքական այլընտրանք` առաջարկվում է այսօրվա կառավարման համակարգին և իշխանության մոդելին: Ես խոսում եմ քաղաքացիական ֆորումի գաղափարի, նրա կիրառական նշանակության մասին և նրա անհրաժեշտության մասին`որպես մասնակցային քաղաքականության բաղադրիչ և գործիք: Հրապարակը ցույց է տալիս, թե ինչքանով է հասարակությունը հետաքրքրված իր կյանքով, ազատություններով և իրավունքներով, այսինքն` արդի քաղաքականությամբ, ի հակադրություն խոսող մարդու վրա ձեռք բարձրացնողի «քաղաքականության» ու քաղաքականության՝ որպես պաշտոնյայի գործունեության անվանման:

-Մեր երկրում իր ազատություններով և անհատական կյանքով այդքան քի՞չ մարդ է հետաքրքրած: Չե՞ք կարծում, որ չկա վստահություն այդ ամենի նկատմամբ, և մի՞թե բոլոր իրենց կյանքը տնօրինել ցանկացողները պետք է լինեին հրապարակում:
-Նախ պետք է փորձենք պատկերացնել, թե այսօրվա հայաստանյան հասարակությունը համախմբման կամ պառակտման ինչ ներուժ ունի: Համաձայնություն ամեն ինչում կամ ոչնչում չափազանց կտրուկ սահմանումներ են և հղումներ են ստալինյան ուրվականին: Անհամաձայնությունները այսօրվա հասարակական համերաշխության հիմնական ռեսուրսն են:
2008-ի շարժումը անհամաձայնների ու չհարմարվողների շարժում է, դրանով էլ կենսունակ է: Այդ անհամաձայնություններն են, որ պետք է փոխեն քաղաքական լճացած բովանդակությունները: Եթե մենք ասում ենք, որ քաղաքականությունը մշակույթի մի մասն է, նույն կերպ կարող ենք սահմանել նաև, որ քաղաքացիական ցանկացած հանրային դրսևորում հենց քաղաքականություն է, անկախ նրանից` հռչակում է այն իրեն քաղաքական, թե ոչ: Մոբիլիզացիոն միաժամանակյա և մեկտեղված գործողությունն իրականում այսօր փոխարինվում է ցանցային ապակենտրոնացված պայքարի և դիմադրության: Դրա նշանները, դրսևորումներն առկա են և նկատելի, և դա հենց նոր համախմբման քաղաքական պլատֆորմն է: Ոչ թե «սիրել, վստահել ու հավատալ», այլ անել ինչ կարող ես, որտեղ կարող ես, երբ կարող ես: Այդ առումով հասարակական գիտակցությունը, հասարակական գործունեությունը, քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում աննախադեպ բարձր վերելքի մեջ են: Կոնգրեսը կատարում է իր քաղաքական առաքելությունը՝ հրահրելով հասարակության արդիականացման գործընթացներ: Այն դարձել է քաղաքականի վիճարկման կորիզը, հրահրիչն ու թիրախը, որը հենց քաղաքականության ժամանակակից մոդելն է:

-Հանրահավաքի և նստացույցի 8 օրերը չստացված չե՞ք համարում:
-Ոչ , չեմ համարում, որովհետև հրապարակը լեգիտիմացնում ու իրականացնում է արդի քաղաքականությունը: Հասարակությունն այլևս տրամադրված չէ սպասել և պահանջել որևէ մեկից բանակցություններ, գործողություններ և որոշումներ իր փոխարեն: Նա ինքն ի վիճակի է փոքր, բայց բազմաթիվ խմբերով և նախաձեռնություններով դիմադրել, ճնշել և ստիպել լսել իրեն, կատարել իր պահանջները և հրամանները: Իշխանությունը, որ տիրապետում էր նաև քաղաքականի մենաշնորհին, ըստ էության քաղաքացուն ու նրա քաղաքական նախաձեռնությունը մղելով լուսանցք, այժմ ինքն է հայտնվել քաղաքական լուսանցքում: Այն, ինչ մենք նկարագրում էինք որպես բազմաբնույթ ճգնաժամեր` քաղաքական, տնտեսական և մշակութային, իրականում իր համադրությամբ նշանակում է առկա իշխանության քաղաքական մոդելի դեգրադացիա, մահ:

-Պարոն Փարթամյան, ինչո՞ւ չսատացվեց մոբիլիզացիան Ազատության հրակապարակում, Դուք չպատասխանեցիք այդ հարցին:
-Դուք նկատի ունեք մարդկանց մեծ զանգված: Մարդկանց մեծ զանգվածներ հավաքվում են հասարակության երկկողմ ակտիվացման փուլերում, երբ և իշխանությունը, և ընդդիմությունն առաջարակում են փոփոխությունների արագ ընթացք, տեղի է ունենում հասարակության բոլոր, նաև հարմարվողական ու պասիվ շերտերի քաղաքական ակտիվացում: Խոսքը նախընտրական շրջանների մասին է, որոնք ենթադրում են անհապաղ ու առարկայական փոփոխություններ: Նախընտրական շրջանում ստիպված պետք է ակտիվանա և իշխանությունը` ակամա հրահրելով և հասարակության քաղաքացիական ակտիվացում: Այդ կարճաժամկետ, բուռն գործընթացների ժամանակ հնարավոր են դառնում մասսայական ընդվզման և մասնակցության էպիզոդներ, մասնակցային քաղաքականության արդյունավետ, բայց կարճաժամկետ կիրառում, որոնք էլ դիտարկվում են որպես քաղաքական ակտիվության գագաթներ:

-Այս տարվա մարտի մեկին նախընտրական շրջան չէր, սակայն մենք այլ իրավիճակ ունեինք:
-Ինքնին այն, որ մարտի մեկին այդպիսի մեծ բազմություն հավաքվեց ոչ նախընտրական շրջանում, խոսում է հասարակության քաղաքական գիտակցված, այլ ոչ հրահրված ակտիվության մասին, քաղաքականության բովանդակության ու հասարակական ընկալման փոփոխության մասին: Քաղաքականը այսօր առաջին հերթին ձևակերպվում է որպես դիմադրություն ապօրինությանն ու պարքար իրավունքների համար: Ձեւավորվում է քաղաքական նոր մշակույթ, որտեղ քաղաքացին իրականացնում է իր իրավունքը, պահանջատիրությունը, իշխանությունը: Այս գործընթացն ու գիտակցությունը անճանաչելիորեն փոխելու են հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային լանդշաֆտը: Նրանք, ովքեր մասնակից չեն այդ գործընթացներին և չեն փոխվի ու ընկալի արդի իրողությունները, դուրս կմնան լանդշաֆտի ձեւավորման գործընթացից, բայց ոչ դրա ազդեցությունից:

-Պարոն Փարթամյան, առավել հաճախ հիմա խոսվում է այն մասին, որ տեքստերի ժամանակներ են, դեռ պետք է տեքստեր գրել: Տեքստերից խոսքի ու գործողությունների անցնելը կլինի ավելի ուշ: Կարելի՞ է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա տեքստեր գրելով է զբաղված:
-Տեքստերն ինքնին քաղաքական գործողություն են ու քաղաքական բովանդակություն: Այդ տեքստերն արդեն առկա են, խնդիրը յուրացման, տարածման և կիրառման մեջ է: Ես չեմ կարծում, որ համախմբման լայն ֆորմատի հնարավորությունը բաց է թողնված: Իրականում այն, ինչ այժմ կարող է դիտարկվել որպես պառակտում ու անհամաձայնություն, իր մեջ նորի և բովանդակային, և գործողության իմաստով կարևոր ծիլեր է պարունակում, որոնք էլ հենց կդառնան որակապես նոր համախմբման համազգային պլատֆորմ: Իրականում այսօրվա հայաստանյան հասարակաությունը բազմամշակույթ և բազմալեզու մի դինամիկ հանրություն է, որն իր բազմապիսի ճանապարհներն է փնտրում: Նոր քաղաքական ընդհանուր լադշաֆտում բոլոր ճանապարհներն էլ բաց են, և դա է արդի, կենսունակ քաղաքականը:

-Արսեն Խառատյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ սերնդափոխությունը դառնալու է այն հիմնական կարգախոսը, որով և առաջիկայում իշխանության է գալու նոր սերունդը` պատվավոր թոշակի ուղարկելով 88-ի ցիկլի մեջ մնացած եռյակին:
-Այստեղ նորից գործում է պարտադրանքի և ուրիշի փոխարեն որոշումներ կայացնելու զառամյալ քաղաքական նարատիվը, թող ամեն մեկն իր համար որոշի` ինչն անել, երբ անել, որտեղ անել: Ես չէի ցանկանա, որ «իշխանության գար» ոչ հին, ոչ նոր սերունդը, ընդհանրապես որեւէ մեկը իշխեր: Նոր քաղաքականը բացառում է իշխանությունը՝ որպես կառավարման միջոց: Կառավարում ու ինքնակազմակերպում՝ գալ ընտրություններով, գնալ ընտրություններով:
Ես խզման փոխարեն այս պարագայում առաջարկում եմ լայն հանրային երկխոսությունը, որը որպես մշակույթ եւ քաղաքականություն արդեն իրողություն է:
Ես գտնում եմ, որ այսօրվա Հայաստանը չխոստովանված հեղափոխական գործընթացների մեջ է, Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն, քաղաքական, սահմանադրական հեղափոխություն:

Սիրանույշ Պապյան

No comments: