Monday, October 31, 2011

Հայ–քրդական լարվածություն Լիբանանում. հայերը քրդերից պահանջում են անհապաղ լքել Բեյրութը

Tert.am. 31-10-2011- Լիբանանի ՀՅԴ կառույցը տեղաբնակ քրդերից պահանջել է լքել Բեյրութի մի շարք թաղամասեր։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, «Ալ Մուստակբալ» թերթին ասել է Լիբանանում գործող քրդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մահմուդ Սիվալան։
Սիվալայի խոսքով՝ հայերը քրդերից պահանջել են լքել Բեյրութի հայաշատ թաղամասերը՝ Բուրջ Համուդը, Դորան և Նեբաան։
«Նրանք ասում են, թե քրդերը, մասնակցելով Սիրիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներին, անհանգիստ իրավիճակ են ստեղծել Բեյրութում։ Բացի այդ, հայերը պնդում են, թե քրդերը թմրամիջոցներ են օգտագործում և անընդհատ խախտում են օրենքը»,– ասել է Մահմուդ Սիվալան։
Ըստ Լիբանանյան մամուլի՝ վերոնշյալ տեղեկությունը մեկնաբանել է Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, որ քրդերի արտաքսման հետ կապված լուրերը որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, ուղղակի դա կապված է Բեյրութի որոշ շրջաններում քրդերի գործողությունների արդյունքում առաջացած անվտանգության խնդիրների հետ։

No comments: