Monday, October 31, 2011

Առեւտուր, թե ազատ ընտրության մեխանիզմ

«Լրագիր» 31-10-2011- Հայաստանում ներիշխանական, կոալիցիոն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հակասությունների մասին չդադարող խոսակցությունները նոր առիթ ստացան կապված Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի, ինչպես նաեւ ԲՀԿ-ի հասցեին Հայ Ազգային Կոնգրեսի ռեվերանսների հետ: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ իշխանության ճամբարում ցանկացած շարժում կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ողջ քաղաքական պայքարը հանգեցվել է այս կամ այն անձի շուրջ ապահայում համախմբվելու առանցքի որոշմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին զգուշացնում է, որ ով «մեզ հետ չլինի, կկանգնի կոտրած տաշտակի առաջ», ողջ երկրին հասկացնելով, թե որտեղ է համախմբման առանցքը: ԲՀԿ կողմնակիցները չեն դադարում ակնարկել, որ հենց իրենց առաջնորդն է համախմբման առանցքը եւ հենց նրան է տրված երկիրը ճգնաժամից հանելու «առաքելությունը»: Իսկ Կոնգրեսի կարգախոսը մնում է նախկինը՝ ով ռեժիմի դեմ չէ, նա ռեժիմի հենարանն է: Ընդ որում, պատրաստակամություն է հայտնվում համագործակցել բոլորի հետ, ով «դուրս կգա ռեժիմի դեմ»: Թե որտեղ է այդ վիրտուալ ռեժիմը՝ այդպես էլ չի պարզաբանվում:
Հայաստանում ներքաղաքական զարգացումները, մասնավորապես ուժերի հնարավոր դասավորության հեռանկարները մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանին:
«Եթե երկրում չկա արդարադատություն եւ քաղաքական կյանքում ներդրված չէ ազատ ընտրության մեխանիզմը, ակտուալ է դառնում հետեւյալ հարցը՝ ինչի՞ է հանգում քաղաքական կուսակցությունների գործունեության իմաստը: Տրամաբանորեն, քաղաքական կուսակցությունների եւ միավորների սահմանադրական գործառույթը երկրի զարգացման ծրագրերի մշակումն է եւ հասարակության մանդատի ստացումը՝ իրականացնելու այդ ծրագրերը համապետական ընտրություններին քաղաքացիների ազատ քվեարկության միջոցով: Սակայն Հայաստանում չկա որեւէ մեկը, ով խաղադրույք կկատարի ազատ ընտրության վրա: Այդ դեպքում, ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ քաղաքական ուժերն իրենց ողջ գործունեությունը հանգեցնում են իշխող ռեժիմի հետ առեւտրի համար պայմաններ ստեղծելուն: Առեւտուր, որն ուղղված է երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում մասնակցության համար ոլորտներ պոկելուն: Հենց նկարագրված տրամաբանության մեջ է պետք դիտարկել քաղաքական միջավայրում տեղի ունեցող գործընթացների իմաստն ու բովանդակությունը,- ասել է Մանվել Սարգսյանը: - Այդ իմաստով, հասարակությանը պետք է հետաքրքրի միայն մեկ հանգամանք՝ քաղաքական ուժերի այդ գործողությունների մեջ արդյոք պարունակվում է երկրի ժողովրդավարացման որեւէ ռեսուրս: Մնացյալը չունի որեւէ դրական իմաստ: Դա վերաբերում է ինչպես իշխանամետ ուժերին, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների գործողություններին»:
Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանի հասարակությունը հույս ունենալ, որ իրավիճակը որեւէ փոփոխություն կկրի խորհրդարանի առաջիկա ընտրությունների արդյունքում, Մանվել Սարգսյանը պատասխանել է, որ որեւէ փոփոխություն կարող է նշմարվել միայն այն ժամանակ, երբ երկրում հայտնվեն ուժեր, որոնք ի սկզբանե մերժում են իշխանության հետ առեւտուրը եւ իրենց առջեւ միայն մեկ նպատակ են դնում՝ երկրի քաղաքական կյանքում ներդնել ազատ ընտության մեխանիզմը: «Եթե այդ հանգամանքը չկա, ապա ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքական միջավայրում ողջ տեղի ունեցողն ընդամենը «անցում է դատարկությունից դեպի դատարկություն»: Իրեն որպես քաղաքական համախմբման կենտրոն ներկայացնողը իդենտիկ է իր քաղաքական որակներով, եւ ընդունակ է ընդամենը փոխել դասավորությունը քաղաքական ու տնտեսական ազդեցության ոլորտներում», ասել է Մանվել Սարգսյանը:

No comments: