Saturday, October 1, 2011

Ինչ է ասելու Սերժ Սարգսյանը ուժայիններին

Ժողովուրդ թերթը գրում է, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները շաբաթ կամ կիրակի կհրավիրվեն Սերժ Սարգսյանի մոտ` խորհրդակցության: «Սերժ Սարգսյանը պատրաստվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ մյուս ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել վերջին իրադարձությունները», գրում է թերթը, չմանրամասնելով հանդիպման ֆորմատն ու բովանդակությունը:
Ինչի՞ հետ կարող է կապված լինել այդ հավաքը: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը ուժայինների հետ կիսվելու է ԱՄՆ, Ֆրանսիա եւ Լեհաստան կատարած այցի արդյունքներով, մանավանդ որ այդ այցերի ժամանակ խոսվել է Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրների մասին: Սակայն, այդ հանդիպումներին կարծես թե առավել շատ խոսք է գնացել Հայաստանի ներքին վիճակի, բարեփոխումների մասին:
Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ուժայինների հետ քննարկի վերջերս պաշտոնյաների տների վրա հարձակումներ կատարած ավազակախմբի վնասազերծման հետ կապված հարցեր, եւ փորձի ճշտել, թե ուժայիններից որն ինչ «առնչություն» ունի այդ գործին: Հարցը բավական ակտուալ է, քանի որ ավազակախմբի գործով կարծես թե ինչ ինչ հակասություններ են ի հայտ եկել Գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի եւ ոստիկանության միջեւ: Բացի այդ, ակնհայտ է տեղեկատվության արտահոսք թե նախքան բանդայի վնասազերծումը, թե դրանից հետո, որը ակնհայտորեն գերատեսչական ինչ ինչ շահերի է առնչվում:
Չի բացառվում նաեւ, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ճշտել ուժայինների դիրքորոշումը առաջին եւ երկրորդ նախագահների վերջին շրջանի ակտիվության վերաբերյալ, նկատի առնելով Կոնգրեսի շուրջօրյա ակցիաները եւ Քոչարյանի հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու մասին:

No comments: