Saturday, October 1, 2011

Ջ. Էվանս. «ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում էապես փոխվել է»

Panorama.am. 1-10-2011- «Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ` առաջին և միակ ԱՄՆ դեսպանի, որն արտասանեց «ցեղասպանություն» բառը: Խոսելով ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի մասին` Ջ. Էվանսը նշել է, որ այն էապես տարբերվում էր ԱՄՆ նախորդ նախագահների ելույթից. «Իմ կարծիքով, ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ հարցում էական առաջընթաց է ապրել: Այս համատեքստում արժե հիշել նաև Բարաք Օբամայի ելույթը Թուրքիայի Ազգային ժողովում, որտեղ նա հայտարարեց, որ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտնի է և մնացել է անփոփոխ. թուրքերն այդ ժամանակ ամեն ինչ շատ լավ հասկացան»,- ասել է Ջ. Էվանսը:
Նախկին դեսպանը կարևորել է նաև այն փաստը, որ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելել են Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչն, ըստ Էվանսի, ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ քաղաքականությունը էական փոփոխություններ է կրել: Պատասխանելով թերթի հարցին` Ջ. Էվանսը նշել է, որ չի փոշմանում այն բանի համար, որ 2006թ-ին արտասանեց «ցեղասպանություն» բառը. «Ես վստահ եմ, որ իրական դիվանագետը երբեք չպետք է ստի»,- ասել է Էվանսը:

No comments: