Saturday, October 1, 2011

Մայր Աթոռի խորհուրդը դատապարտում է կրոնական անհանդուրժողականության պատրանք ստեղծելու գործելակերպը

Tert.am. 30-9-2011- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում, ի շարս քննարկվող հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրինագծին:
Այս առնչությամբ խնդրո առարկա հարցերի լուծման մեջ խորհուրդն ընդգծել է կարևորությունը հարազատ մնալու հայ ժողովրդի ազգային և մշակութային ավանդույթներին, հարգելու մարդու հիմնարար ազատությունները և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավանդական Եկեղեցիների ու ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձել է Հայաստանում Ավետարանական համայնքների և խարիզմատիկ շարժումների ներկայացուցիչների գործունեությանը` դատապարտելով հասարակության մեջ կրոնական անհանդուրժողականության պատրանք ստեղծելու և այս պայմաններում արտոնություններ կորզելու նրանց մերժելի գործելակերպը: Խորհուրդն անընդունելի է համարել նաև Ավետարանական համայնքների հովիվների գործողությունները` հորդորելով հրաժարվել հոգեորսության միջոցով իրենց համայնքներն ընդլայնելու մտադրություններից և որդեգրած հակաէկումենիկ ընթացքից:

No comments: