Friday, October 14, 2011

Սիրիայի նախագահի խորհրդական. Թուրքիան հակամարտություն է բորբոքում Սիրիայում

Panorama.am. 14-10-2011- Թուրքիան պետք է դադարեցնի Սիրիայում հակամարտության բորբոքումը և զենքի մատակարարումը զինված խմբավորումներին, լրագրողներին հայտարարել է տեղեկատվական հարցերով Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Սիրիայում ժողովրդավարության հաստատմանն աջակցելու փոխարեն Թուրքիան հակամարտություն է բորբոքում երկրում: Մենք կոչ ենք անում Անկարային` անմիջապես դադարեցնել այդ գործողությունները»,-Շաաբանի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:

Սիրիայի նախագահի խորհրդականի խոսքերով` որոշ երկրներ զինում և հովանավորում են Սիրիայում գործող խմբավորումներին` դրանով իսկ ձգտելով ապակայունացնել և մասնատել երկիրը:
Ավելի վաղ սիրիական խմբավորումներին զենք մատակարարելու հարցում Թուրքիայի դեմ մեղադրանքով էր հանդես եկել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Սիրիայում վերջին յոթ ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն արդեն դուրս են եկել երկրի ներքին խնդիրների շրջանակից: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստում է սեփական պատժամիջոցները Սիրիայի դեմ:
Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամը Սիրիայում սկիզբ է առել մարտի կեսերին: Հակակառավարական ելույթների մասնակիցների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է շուրջ 3000 մարդ:

No comments: