Saturday, October 29, 2011

«ՎԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՒՐԴ Է, ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՅԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԷԻՆ ԿՈՏՈՐԱԾԻ ԿԱՄ ԱՐՏԱՔՍՎԵԼ»

Ռոյթերի այս դիտարկումը վշտացրել է թուրքական «Միլիեթ» թերթին

«ԱԶԳ», 28-10-2011- Ինչպես որ ենթադրելի էր, Վանի երկրաշարժին անդրադառնում են նաեւ արեւմտյան թերթերն ու աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները: Սակայն մոտեցումները միանշանակ չենՙ պայմանավորված Թուրքիայում քրդական հարցի աննախադեպ սրմամբ, երկրաշարժի գոտում քուրդ բնակչության ճնշող մեծամասնությամբ, ինչպես նաեւ թուրքական անվտանգության ուժերի հետ PKK-ի բախումների նկատելի ակտիվացմամբ:
Այս հանգամանքը ըստ երեւույթին իր կնիքն է թողել Վանի երկրաշարժի գոտում իրականացված աշխատանքների, որոնք արդեն դադարեցված են, լուսաբանման վրա: Օրինակ, անգլիական «Թայմս» թերթը հոկտեմբերի 25-ին գրել էր, որ շրջանի բնակչությունը մեծապես քրդերից է բաղկացած, անցյալ չորեքշաբթի քրդերը 24 թուրք զինծառայող էին սպանել, նորմալ պայմաններում թուրքական կառավարությունը գոհունակությամբ կընդուներ արտաքին օգնությունը, ինչպես 1999-ի Մարմարայի երկրաշարժից հետո, թեեւ ներկայումս պայմանները նորմալ չեն, բայց օգնությունից հրաժարվելը տխմարություն է եւ դաժան վերաբերմունք տուժածների նկատմամբ:
Հոկտեմբերի 26-ին, երբ ավարտին էին մոտենում փրկարարական աշխատանքները, Թուրքիանՙ ի դեմս արտգործնախարար Դավութօղլուի, հանդես եկավ առաջարկված արտաքին օգնությունն ընդունելու պատրաստակամությամբ, թե առանց դրա հնարավոր չէ վերացնել երկրաշարժի հետեւանքները: Հաջորդ օրը դրան հետեւեց Վան նահանգին հարակից Հաքքյարիում PKK-ի դեմ իրականացվող գործողությունների դադարեցման մասին պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հայտարարությունը:
Այս հայտարարությունը պետք է համարվի երկրաշարժի հետեւանքների վերացման համար ակնկալվող արտաքին օգնությունն ստանալու պատրաստություն: Սակայն հայտարարությունից 3 օր առաջ, հոկտեմբերի 24-ին Վանի երկրաշարժի մասին հաղորդագրություն էր տարածել Ռոյթերը, որին երեկ հակազդեցությամբ արձագանքել է թուրքական «Միլիեթ» թերթում սյունաշարի հեղինակ Ալի Էյուփօղլուն:
Ահա թե ինչ է գրել. «Աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներից Ռոյթերը Վանի երկրաշարժի վերաբերյալ հաղորդագրության մեջ ընդգծել է մի մանրամասնություն, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել: Հոկտեմբերի 24-ին տարածված այս հաղորդագրությամբ ահա թե ինչ է նշում միջազգային այս գործակալությունը. «Երկրաշարժից տուժեցին Վան քաղաքն ու նրանից հյուսիս 100 կմ հեռավորության վրա գտնվող եւ PKK-ի համար հենակետի դեր կատարող Էրջիշը (Արճեշ): Հոկտեմբերի 19-ին Վանից հարավ Հաքքյարիում PKK-ի հարձակման հետեւանքով զոհվել էր 24 թուրք զինծառայող:
Իրանին սահմանակից Վանը Թուրքիայի հարավ-արեւելքում է: Ունի 1 մլն-ից մի քիչ ավելի բնակչություն:

Բնակչության ճնշող մեծամասնությունը քուրդ է, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի հայ բնակչությունը կոտորածի էր ենթարկվել կամ էլ արտաքսվել էր»:
Եթե Վանում տեղի ունեցած լիներ ոչ թե երկրաշարժ, այլ քաղաքական միջադեպ կամ ապստամբություն, ապա կարելի է հասկանալ Ռոյթերի խմբագրությանը: Սակայն Վանում տեղի է ունեցել բնական աղետ: Ի՞նչ իմաստ ունի երկրաշարժի մասին լրատվությունը հագեցնել «Վանի շրջանում բնակչության ճնշող մեծամասնությունը քուրդ է, Առաջին համաշխարհայինի տարիներին շրջանի հայ բնակչությունը ենթարկվել էր կոտորածի կամ էլ արտաքսվել» արտահայտությամբ, ո՞րն է բնակչության էթնիկ ծագումն ընդգծելու, առավել եւս պատմության վիճելի էջերի մասին ակնարկելու իմաստը: Մի՞թե դրանով հաղորդագրությունը ընդգրկուն է դառնում: Բոլորովինՙ ոչ: Սա ոչ այլ ինչ է, քան թուրքերի նկատմամբ թշնամանքի դրսեւորում: Հաղորդագրությունը կարծես տարածել է երեւանյան լրատվամիջոց, այլ ոչ թե Ռոյթերի պես անաչառի եւ անկողմնակալի համարում ունեցող գործակալություն»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: