Wednesday, October 26, 2011

Սերժ Սարգսյանի ընտրությունը

«Լրագիր» 26-10-2011- Սերժ Սարգսյանը մոսկովյան այցը կարծես թե բավական հետաքրքրական արտաքին մի կոր եզրափակեց՝ Միացյալ Նահանգներ, հետո Ֆրանսիա, հետո Լեհաստան՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի Վեհաժողով, հետո Ֆրանսիայի նախագահի ժամանում Հայաստան, իսկ հետո Պետական այց Ռուսաստան:
Անշուշտ, արտաքին այցելություններն այդ ամենով չեն եզրափակվի, կլինեն դեռ այցեր, հանդիպումներ: Բայց Մոսկվայով կարծես թե եզրափակվեց վերջին շրջանի բավական ինտենսիվ արտաքին քաղաքական մի կոր, որի ընթացքում եղան բավական հետաքրքրական հայտարարություններ եւ իրադարձություններ:
Ինչ է սպասվում այդ ամենից հետո Երեւանում: Արդյոք ինտենսիվ այցերի այդ շրջանը ինչպիսի ներքաղաքական էֆեկտ է ունենալու Հայաստանի համար: Օրինակ, տեւական ժամանակ է, ինչ Սերժ Սարգսյանը այսպես ասած անմասն է մնացել ներքաղաքական անցուդարձից: Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության ընդհատումից ի վեր Սերժ Սարգսյանը ներքաղաքական արձագանքեր չի տվել:
Նա որեւէ կերպ չարձագանքեց Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներին, անգամ զուգարանները բացելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընկերական խնդրանքը մնաց անպատասխան: Սերժ Սարգսյանը չի անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի կամ խորհրդարանի ընտրությանը նրա հնարավոր ներգրավվածության թեմային, չի արտահայտվել կոալիցիայի ճակատագրի՝ ԲՀԿ հետ հարաբերության թեմայով: Սերժ Սարգսյանի չի արտահայտվել հանրությանը բավական հուզած բանակի խնդիրների թեմայով:
Մինչ Հայաստանի ներքին կյանքում հասունանում էին այդ խմորումները, Սերժ Սարգսյանը զբաղված էր ինտենսիվ արտաքին շփումներով:
Մոսկվա կատարած Պետական այցը թերեւս կարելի է համարել այդ շրջանի փակումը, այսպես ասած վերադարձը ներքին կյանք: Ինչով է այն նշանավորելու Սերժ Սարգսյանը: Նրա արտաքին շփումներն անցան Արեւմուտք-Ռուսաստան հարթության վրա, ունեցան նկատելի մրցակցային երանգներ, բայց զուտ առերեւույթ մակարդակում կարծես թե սուր հակադրություններ ու խնդիրներ չեղան, ու Սերժ Սարգսյանին կարծես թե հաջողվեց հավասարակշռել արտաքին շրջանն ու այն փակել առանց ավելորդ ցնցումների:
Համենայնդեպս, արտաքին արձագանքների եւ դրսեւորումների առումով դա այդպես է: Ինչի կարող է դա հանգեցնել ներքին կյանքում: Եթե արտաքին հավասարակշռությունը պահպանված է, ապա ներքին կյանքում Սերժ Սարգսյանը պետք է որ իրեն վստահ եւ ուժեղ զգա, գոնե այս փուլի համար:
Հայաստանում, սովորաբար կամ ավանդաբար, երբ իշխանությունն իրեն վստահ կամ ուժեղ է զգում, սկսում է ապավինել ուժին, հանրության եւ քաղաքական հակառակորդների հանդեպ կոշտ վերաբերմունքին:
Բայց, ուժեղ իշխանության առավել առողջ բնորոշումը թերեւս հակառակն է՝ երբ իշխանությունն իր ուժը ծառայեցնում է վերափոխումներին, համակարգային արդիականացմանը, իշխանության հաշվետվողականության բարձրացմանն ու քաղաքական եւ տնտեսական մրցակցային պայմանների ձեւավորմանը: Հայաստանի պարագայում դա կենսական անհրաժեշտություն է, քանի որ ռեսուրսների փոքր շրջանակով գոյատեւող երկիրը հասել է մի վիճակի, երբ համակարգային վերափոխումների ուշացումը կամ առավել եւս բացառումը կարող են ճակատագրական լինել թե երկրի, թե համակարգի համար:
Եթե արտաքին ինտենսիվ շփումների շրջանը նոր փակվեց, ապա ներքին գոյատեւման ռեսուրսների շրջանակը փակվել է վաղուց, եւ համակարգն արդեն ընդհուպ մոտեցել է ինքնախժռման: Համակարգային փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են ոչ միայն երկրի, այլ նաեւ համակարգի համար:
Արդյոք Սերժ Սարգսյանն իր ուժը կամ ամրությունը կծառայեցնի դրան, արտաքին շրջագայություններից հետո լիցքավորված լինելով, աշխուժորեն միջամտելով ներքին պրոցեսներին եւ բացելով տնտեսա-քաղաքական կյանքը, հանրայնացնելով այն, ընդ որում ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով: Խոսքեր արդեն չափից շատ են ասվել, իսկ գործը չափից շատ է ուշանում:
Օրինակ, ձեռնամուխ կլինի՞ արդյոք Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում կադրային լուրջ վերադասավորումների, թե տնտեսական, թե ռազմական բլոկներում: Արդյոք նա կփորձի լուրջ վերանայումներ կատարել նաեւ կարծրացած քաղաքական միջավայրում, ասենք վերսկսելով ընդդիմության հետ երկխոսությունը, բայց արդեն այլ, առավել գործնական հատկանիշներով: Խոսքը ամենեւին արտահերթ ընտրության գնալը կամ հրաժարական տալը չէ, այլ հենց նույն համակարգային փոփոխությունների հասարակական հենք ձեւավորելը, որի հարցում ընդդիմությունը կարող է օգտակար լինել Սարգսյանին: Ավելին, այդ դեպքում, այսինքն գործնական հատկանիշներով երկխոսության դեպքում, ընդդիմությունն այլ ելք էլ չունի, քան Սարգսյանին օգտակար լինելը, որովհետեւ եթե նա գնա համակարգային առարկայական փոփոխությունների, ապա ընդդիմությունը միայն այդ հարցում Սարգսյանին օգտակար լինելով է, որ կարող է օգտակար լինել ինքն իրեն:
Որ ճանապարհը կընտրի Սերժ Սարգսյանը, վերադառնալով ներքին կյանք:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: