Monday, October 31, 2011

Սարգսյանը չի նեղացել Սաակաշվիլիից. Վրաստանի ԱԳՆ

Tert.am. 31-10-2011- Վրաստանի ԱԳՆ–ը հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «վիրավորված է Վրաստանի նախագահից», այդ պատճառով էլ հետաձգել է նոյեմբերի սկզբին նախատեսված պաշտոնական այցը Թբիլիսի։
«Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում», – հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Նրա խոսքով՝ Սարգսյանի այցը չի հետաձգվել, պարզապես այցի կոնկրետ ժամկետը հայտնի չի եղել, և այս փուլում այդ հարցի շուրջ աշխատանք է տարվում։
Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիից վիրավորվել է այն հայտարարության համար, որը վերջինն արել էր հայ-վրացական սահմանին տեղի ունեցած սողանքի առնչությամբ։ Սաակաշվիլին, մասնավորապես, ասել էր, որ Վրաստանի կառավարութունը 2 ժամում կմաքրեր սողանքի տարածքը: «Տեսաք, թե որքան երկար ժամանակ որևէ մեկը չէր գալիս ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասել, նրանք մեր բարեկամներն են, բայց Ռամազ Նիկոլաիշվիլին էլ ավելի բարդ խնդիրներ է լուծել մի քանի ժամում: Իսկ Հայաստանից դրա համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ»,- ասել էր Սաակաշվիլին:

No comments: