Monday, October 31, 2011

Իրանցի պատգամավոր. Իրանում հնարավոր է այլևս նախագահական ընտրություններ չանցկացվեն

Panorama.am. 31-10-2011- Հնարավոր է, որ Իրանում նախագահական ընտրություններ այլևս չանցկացվեն: Այդ մասին իրանական «աթինյուզ.քոմ» կայքին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի Մեջլիսի նախագահության անդամ Մոհամմադ Դեհղանը:
«ԻԻՀ հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին վերջերս ընդգծել է կառավարման նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտությունը: Իրանի ներկայիս կառավարման համակարգը նախագահական-խորհրդարանական-ռազմական է, որը գործում է հոգևոր առաջնորդի իշխանության ներքո: Համաձայն նախանշված բարեփոխումների` հնարավոր է, որ նախագահական համակարգը լուծարվի, փոխարենը` ուժեղացվի խորհրդարանական համակարգը: Ըստ սահմանադրության, նախագահը հոգևոր առաջնորդից հետո համարվում է երկրորդ դեմքը, սակայն կարևոր գործառույթներ ունի նաև Մեջլիսը, այդ առումով մի շարք խնդիրներ են առաջանում»-նշել է իրանցի խորհրդարանականը:
Մոհամմադ Դեհղանը հավելել է, որ քաղաքական համակարգի փոփոխությունը գտնվում է հոգևոր առաջնորդի իրավասությունների շրջանակներում, և եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո վերջինս որոշի փոփոխություններ կատարել, ապա հնարավոր է, որ այդ առնչությամբ հասարակական քննարկումներ կազմակերպվեն, որից հետո հանրաքվե անցկացվի:
Նշենք, որ վերջին շրջանում մի շարք ներքաղաքական հարցերի շուրջ տարաձայնություններ էին առաջացել ԻԻՀ նախագահի և Մեջլիսի միջև, որին բազմիցս արձագանքել է նաև հոգևոր առաջնորդը և կոչ արել վերջ դնել առկա տարաձայնություններին: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի` հուլիսի 26-ի հրամանագրով ստեղծվեց իշխանության երեք թևերի`գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների, հարաբերությունները կարգավորող և տարաձայնությունները հարթող գերագույն հանձնաժողով, որի նախագահ նշանակվեց ազդեցիկ հոգևորական, նախկին գլխավոր դատախազ Մահմուդ Հաշեմի Շահռուդին:

No comments: