Friday, October 14, 2011

Տիկին Գյուլի խորտիկները

«Լրագիր» 14-10-2011- Ուղիղ երկու տարի առաջ, 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանի ուշադրությունը գրավել էր Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, բայց ոչ թե ֆուտբոլային, այլ քաղաքական ակնկալիքներով. Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց չորս օր անց պետք է մեկներ Թուրքիա Գյուլի հետ ֆուտբոլ նայելու, ինչից կարող էր կախված լինել հայ-թուրքական սահմանի բացման հարցը:
Արդյունքում բացահայտվեցին ընդամենը տիկին Գյուլի խոհարարական հմտությունները, որոնց հետ հայկական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ Գյուլի կազմակերպած ընթրիքին: Իսկ հայ-թուրքական սահմանը այդպես էլ փակ է, հայ-թուրքական արձանագրությունները չվավերացված, նույնիսկ սառած: Միակ ջերմ հուշը թերեւս այն ջերմագին ձեռքսեղմումն էր, որով Սերժ Սարգսյանը լիաթոք ծիծաղով շնորհավորում էր Գյուլին` Հայաստանի դարպասը խփած գոլի համար: Այն ժամանակ Սարգսյանը երեւի թե մտածում էր, թե իր լուծելիք մեծ հարցերի կողքին ֆուտբոլային խաղը պարզապես մանր զվարճանք է, ուրիշ ոչինչ:
Երկու տարի անց պարզվեց, որ ֆուտբոլային խաղը կարող է նաեւ լոկ զվարճանք չլինել, ու Հայաստանը դա զգաց իր մաշկի վրա, երբ մրցավարի կոպիտ սխալի հետեւանքով դուրս մնաց Եվրո 2012-ի ուղեգրի համար հետագա պայքարից: Հայաստանում խորացան ու լրջացան կասկածները, որ ֆուտբոլը զուտ զվարճանք չէ, այլ բարդ պայմանավորվածությունների ու հարաբերությունների մի այնպիսի հանգույց, որի մասին Սերժ Սարգսյանն ինքն էլ գերադասում է չխոսել. “Իսկ թե ինչու արդյունքներն այդպիսին եղան, հիմա չեմ ցանկանում գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն են խաղում”, հայտարարել էր Սերժ Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթական մրցանակներ հանձնելիս:
Իսկ գուցե աշխարհում ոչինչ էլ այդքան բարդ չէ, այլ հակառակը` ամեն ինչ շատ պարզ է եւ ընդամենը պետք է բարդությունների մեջ չընկնելու համար աշխարհին նայել ոչ թե տնվորի կամ “խորթ զավակի”, այլ պարզապես տանիրոջ հոգեբանությամբ: Այո, աշխարհում կան մեզանից շատ հզոր պետություններ թե տնտեսական, թե քաղաքական, թե մարզական եւ մշակութային տեսանկյուններից, բայց նրանց հզորությունը թերեւս սկսել է այն գիտակցումից, որ աշխարհը իրենցն է, ոչ թե իրենք տնվոր կամ “խորթ” են ուժեղերի աշխարհում: Չէ որ այսօրվա ուժեղներից ու հզորներից շատերը մի քանի հարյուր տարի առաջ կամ ուժեղ չեն եղել, կամ չեն եղել ընդհանրապես:
Երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը քիչ էր մնում գրկեր Գյուլին, Թուրքիայի հավաքականի խփած գոլի համար: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն իրականում ցավում էր այդ գոլի համար, բայց նա Գյուլին “գրկում” էր թերեւս այն համոզումով, որ դա կգնահատեն աշխարհի տերերը եւ մեզ կօգնեն Գյուլից ստանալ այն, մոտավորապես ինչը որ ստացավ Բենդերի մանկության ընկեր Կոստյա Օստենբակենը Ինգա Զայոնցից` աղջիկը սիրեց նրան:
Բայց Գյուլը մեզ չտվեց այն, ինչ ուզում էինք, իսկ աշխարհի “տերերն” էլ մեզ այդ հարցում ոչնչով չկարողացան օգնել, կամ չուզեցին, կամ չէին էլ ուզում ընդհանրապես: Հետո գուցե դա հասկանալով, Սերժ Սարգսյանը կայացրեց մյուս որոշումը` սառեցնել արձանագրությունների վավերացումը Հայաստանում, ու կրկին իր որոշումը հիմնավորեց աշխարհի “տերերի” հետ համաձայնեցնելուն հղում անելով:
Բարդը հենց դա է, երբ սեփական երկրում խուսափելով պարզ անհրաժեշտությունները կյանքի կոչելուց, ստիպված ես լինում ամեն քայլ կատարելիս մտածել, թե արդյոք դրանով կյանքի ես կոչում աշխարհի “տերերի” կամքը, թե դեմ ես գնում դրանց: Ու աշխարհը բարդանում է եւ “խորթանում”, ու վերջում մնում է միայն խորտիկների համը, որ պատրաստել էր տիկին Գյուլը:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: