Saturday, October 1, 2011

Ջրբաժանի տեսիլքը` նախընտրական հաշվարկներում

Սեպտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհին բեկում խոստացող Հայ ազգային կոնգրեսն իր վերջին հանրահավաքում արդեն խնդրում էր Ազատության հրապարակում հավաքված բազմությանը` հաջորդ անգամ իրենց հետ առնվազն հինգ մարդ բերել:
Իսկ հանրահավաքից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը փաստացի ստիպված էր խոստովանելու, որ իրենք, գոնե այս պահի դրությամբ, կորցրել են հանրային վարքագծի վրա ազդելու հնարավորությունները: «Հասարակությունը պետք է կրկին մտնի խաղ մեջ»,- հայտարարեց նա` առանց մեկնաբանելու, թե այդ ինչի հետեւանքով կամ ում մեղքով էր հանրությունն աստիճանաբար դուրս մղվել ասպարեզից:
Կոնգրեսի վերջին հանրահավաքը, դրանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը բացահայտեցին, որ իշխանության հետ սկսած շախմատը մտնում է վերջնախաղ` իշխանության դիրքային ահռելի առավելությամբ եւ Կոնգրեսի` արդեն ուրվագծվող պարտության հեռանկարով: Իսկ քանի որ շախմատի ամբողջ իմաստը երկխոսության մեկնարկն էր ու այն ընդդիմության ցանկությունների ու քաղաքական հաշվարկների ուղեգծով տանելը, պարզ է դառնում, որ հենց վերջինս է քաղում այդպես էլ չկայացած երկխոսության դառը պտուղները:
Ըստ էության, սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքն իսկապես ջրբաժանային նշանակություն է ունենալու, սակայն ոչ թե իշխանություն-Կոնգրես հարաբերությունների կտրվածքով, այլ առհասարակ քաղաքական դաշտի նոր վերաձեւումների կամ ավելի ճիշտ դրանց նախադրյալների ստեղծման առումով: Խնդիրն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացել է հենց այդ օրը հավաստիացնել Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում բեկում մտցնելու, վերջնականապես հստակեցումներ կատարելու իրենց վճռականության մասին:
Թե ինչ է դա ենթադրում, թերեւս գիտի միայն Տեր-Պետրոսյանը: Սակայն այլեւս ակնհայտ է, որ եթե Կոնգրեսը խնդրում է մարդ բերել հանրահավաքներին, ապա այդ հավաստիացումները պայմանավորված են լինելու ընդամենը մեկ բանով. արդյո՞ք հանձնարարականը կկատարվի եւ հնարավոր կլինի վերադարձնել հանրային վստահության այն ռեսուրսը, որն անիմաստ վատնվեց երկխոսության ճանապարհին:
Եթե դա տեղի չունենա, կամ գոնե մարդկանց մասնակցության չափի փոփոխությունը չհուշի հասարակական ակտիվության որոշակի աճի մասին, ապա կարելի է արտահերթ ընտրությունների անցկացման անգամ տեսական հնարավորությունները համարել սպառված: Իսկ դա նշանակում է, որ Կոնգրեսը ստիպված է լինելու բացահայտ կերպով գործել` բացառապես հերթական ընտրությունների տրամաբանությամբ, եւ այս տեսանկյունից քաղաքական մյուս ուժերի հետ մրցակցության մեջ է մտնելու նրանց հետ գրեթե հավասար մեկնարկային վիճակից:
ՀԱԿ-ի թուլացումն անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքական դաշտի գորշացմանը, հինգերորդ շարասյունը, բոլոր մարգինալ ուժերը փորձելու են նրա կորուստների հաշվին վերադարձնել իրենց կորցրած դիրքերը քաղաքական դաշտում, իսկ խորհրդարանական առաջիկա ընտրությունները դրա համար ծառայեցվելու են որպես ցատկահարթակ:
Դրան նպաստելու է նաեւ իշխանությունը, եթե չասենք, որ հիմնական նախաձեռնողը կարող է հենց վերջինս լինել: Ակնհայտ է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները փորձություն են լինելու գործող իշխանության համար: Թե միջազգային հանրության, եւ թե հասարակության հիմնական ուշադրությունը սեւեռված է լինելու կոնկրետ մեկ հարցի վրա` կկարողանա՞, արդյոք, իշխանությունն անցկացնել նորմալ ընտրություններ: Նման հատուկ ուշադրությունը իշխանությանը զրկելու է նախկին «ընտրական» մեթոդներին, ընտրակեղծիքների համակարգին ու դրանք իրականացնողներին ապավինելու հեռանկարից:
Նախագահ Սերժ Սարգսյանի համար, ով անցնող տարվա ընթացքում կարողացավ քիչ թե շատ լուծել նախորդ նախագահական ընտրություններից եւ մարտիմեկյան ողբերգությունից որպես հետեւանք մնացած լեգիտիմության ճգնաժամի հաղթահարման խնդիրը, այդ փորձությանը չդիմանալը կարող է ճակատագրական լինել եւ անխուսափելի դարձնել նրա հրաժարականը կամ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:
Եվ նա ուղղակի ստիպված է լինելու հույսը դնել քաղաքական տեխնոլոգիաների վրա, որոնցից Հայաստանում իրեն ամենաարդարացրածը եղել եւ մնում է այսպես կոչված արհեստական, բուֆերային ընդդիմադիր ուժերի խաղարկումն ընտրություններում, որոնց նպատակը լինելու է պոտենցիալ իրական հակառակորդի քվեների փոշիացումը:
ՀԱԿ-ի այս պահի ձախողումը դրա համար բոլոր նախադրյալները ստեղծում է, որովհետեւ այդ ուժերը ինքնադրսեւորվելու ավելի լայն միջավայր են ստանալու, մի բան, որ մշտապես լինելով առաջին գծում` կանխում էր Կոնգրեսը:
Բայց մյուս կողմից` Սերժ Սարգսյանին, ում համար խորհրդարանական առաջիկա ընտրությունները նաեւ սեփական քաղաքական թիմը ձեւավորելու եւ քոչարյանական ազդեցությունից վերջապես դուրս գալու եզակի շանս է, Կոնգրեսի վերջնական փլուզումը ձեռնտու չէ երկու պատճառով:
Մի կողմից` Կոնգրեսը փաստացի պաշտպանում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքական կուրսը թե հայ-թուրքական հարաբերությունների, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ թե առհասարակ տարածաշրջանային հիմնահարցերի կտրվածքով:
Ազգային ժողովում նման անուղղակի հենարանի առկայությունը նրան չափից դուրս անհրաժեշտ է` դիմակայելու համար ազգայնական ու պահպանողական շրջանակների ճնշումներին եւ ճկունություն հաղորդելու դիվանագիտությանը: Այս իմաստով ՀԱԿ-ը գուցե նրան շատ ավելի է անհրաժեշտ, քան ՀՀԿ-ն, որի մի ստվար մասը չի կիսում նախագահի դիրքորոշումներն այդ հարցերում:
Եվ երկրորդը` ՀԱԿ-ը փաստացի գործիք, միջոց է Սերժ Սարգսյանի ձեռքին` դիմագրավելու նաեւ հակառակ` քոչարյանական թեւից հնարավոր «հարված» ստանալու պարագայում: Պուտինի արդեն որոշված վերադարձը, հատկապես քաղաքական մարգինալացված հատվածներում, կարող է սպասումներ առաջացնել նաեւ Քոչարյանի վերադարձի նկատմամբ: Եվ վերջինս, Ռուսաստանից ստանալով հոգեբանական լիցքեր, ինչպես նաեւ հաշվի առնելով Կոնգրեսի թուլացումը եւ ունեցած քաղաքական կապիտալի որոշակի կորուստը, կարող է նաեւ նման որոշում կայացնել, ինչը երբեք չի կարելի բացառել:
Այդ դեպքում Սերժ Սարգսյանը չի կարող վերջնականապես իրագործել անկախ խաղացող դառնալու իր պլանները: Իհարկե, այս պահին դրա հավանականությունը շատ փոքր է, որովհետեւ հանրությունը Քոչարյանի վերադարձը չի ընկալելու` առաջին հերթին մարտիմեկյան իրադարձությունների, չլուծված հարցերի ֆոնին: Եվ հենց սա է, որ ներկայիս իշխանությանը կարող է Կոնգրեսին օգտագործելու լծակ տալ:
Ակնհայտ է, որ վերադառնալու անգամ ամենաչնչին ակնարկի պարագայում ՀԱԿ-ը կրկին հայտնվելու է ձիու թամբին, եւ դա այն գլխավոր իմպուլսն է, որ կարող է Կոնգրեսին վերադարձնել իր կորցրած դիրքերը: Դա է, թերեւս, պատճառը, որ Քոչարյանի վերադարձի թեման ամենաշատը քննարկվում է հենց ՀԱԿ-ին սատարող լրատվամիջոցներում:
Չի կարելի բացառել, որ առաջիկայում Կոնգրեսը կարող է կտրուկ փոխել իր մարտավարությունը եւ քարոզչական շեշտադրումները կատարել քոչարյանական վերադարձը կանխելու եւ դրա համար հասարակական կոնսոլիդացիա ապահովելու վրա: Գործող իշխանության խնդիրն այդ պարագայում լինելու է այս երկու կողմերի միջեւ հավասարակշռություն սահմանելը եւ, դրա վրա խաղալով, իր ամբիցիաներն առաջ մղելը:
Այնպես որ, Կոնգրեսի մոտալուտ որոշումներն իսկապես կարող են շրջադարձային նշանակություն ունենալ ամբողջ քաղաքական դաշտի վրա: Գործնականում դրանից է կախված լինելու` իրատեսական կդառնա՞, արդյոք, Քոչարյանի վերադարձը, ուժերի ի՞նչ հարաբերակցությամբ խորհրդարան է գծագրվելու իշխանական կուլիսներում, որքանո՞վ հնարավոր կդառնա հասարակության վերահամախմբումը եւ այն քաղաքական գործոն դարձնելը:
Արմեն Առաքելյան
Աղբյուր՝ hetq.am.

No comments: