Friday, October 14, 2011

Ադրբեջանի կրոնական առաջնորդն ասել է, որ Համայն Ռուսիո պատրիարքի հետ կխորհրդակցի՝ գա Երևան, թե ոչ

Tert.am. 14-10-2011- Ավստրիայի արտգործնախարությունը հանդիպելու կոչ է արել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին։ Նախկինում նման առաջարկներով հանդես են եկել հոգևոր առաջնորդներ, մինչդեռ հիմա երևույթը քաղաքականացնելու փորձ է արվում (առաջարկում է արտգործնախարարությունը)։ Թեման մեկնաբանել է «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոն» լրատվականը։
Ըստ մեկնաբանի՝ այս առաջարկն արդեն իսկ քննարկվել է սեպտեմբերի 19-ին Վիեննայում անցկացված «Կրոնական համայնքների պատասխանատվությունը Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը» կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին նաև նշված երեք երկրների հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչները։ Հարցը քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր բարձրագույն ատյաններում։ Սակայն որոշակի պատասխան ոչ մի կողմից դեռ չկա։
Նշվենք՝ նոյեմբերի 28-30-ը Երևանում պիտի տեղի ունենա ԱՊՀ միջդավանական խորհրդի հերթական նիստը. նախորդը տեղի էր ունեցել Բաքվում, որին հրավիրված էր և մասնակցում էր Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Հիմա Մայր Աթոռից վաղուց հրավեր է առաքվել Բաքու, սակայն պատասխան չկա, և հայտնի չէ՝ Ադրբեջանի կրոնական առաջնորդը մասնակցելու է, թե՝ ոչ։ Մի քանի օր առաջ Բաքվից հայտարարվել էր, որ վերջնական որոշում ընդունելուց առաջ հարկ են համարում հանդիպել Համայն Ռուսիո պատրիարքի հետ։
Հիշեցնենք, որ հայոց և Ադրբեջանցի հոգևոր առաջնորդները հանդիպել են արդեն յոթ անգամ, և նրանց հանդիպումներն, ըստ էության, որևէ նշանակալի արդյունք չեն տվել։ Այս տարիներին նաև Ադրբեջանի կրոնական առաջնորդները ոչ միայն չեն պատրաստում իրենց ժողովրդին խաղաղության ու հարևանների հետ համագործակցության, այլև ժամանակ առ ժամանակ ռազմաշունչ հայտարարություններ են անում։ Այդ թվում՝ 2006թ. ասվել էր. «Ես պատրաստվում եմ ջիհադ՝ սրբազան պատերազմ հայտարարել հայերին տարածքները վերադարձնելու համար», նաև՝ «Հայերի արյան մեջ է դավաճանությունը և սուտը»։ Եվ նման իրավիճակում, ըստ մեկնաբանի, դժվար է գնահատել երրորդ ուժի նախաձեռնությամբ նման հերթական հանդիպման դերը։

No comments: