Friday, October 14, 2011

“Երրորդ ուժ” Քոչարյանի դեմ

«Լրագիր» 14-10-2011- Առաջիկա քաղաքական գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու հայտ է ներկայացրել ԱԺՄ-ն: Կուսակցության նախագահ, Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրա ներկա կամ նախկին կուսակիցները, որոնք լքել են ԱԺՄ-ն եւ իրենց կուսակցությունները ստեղծել, չեն թաքցնում, որ քննարկում են վերամիավորման հարցն ու պատրաստվում ակտիվ մասնակցել ներքաղաքական կյանքին:
ԱԺՄ-ն այն ուժն է, որը ներքաղաքական կյանքին “հրաժեշտ” տվեց 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո: 2008 թվականը Հայաստանի քաղաքական կյանքում նշանակալի էր նաեւ հենց այն պատճառով, որ քաղաքական դաշտը զգալիորեն ֆիլտրվեց: Դրանից դուրս մնացին ԱԺՄ-ն, Գեղամյանի կուսակցությունը, էլի մի քանի այլ կուսակցություններ, որոնք իրենց քաղաքական գործունեության վերջին տարիներն ընդամենը իներցիայի ուժով էին անցկացնում: Հասարակության տեսադաշտը փակող կամ քաղաքական կյանքի բեռ դարձած այդ ուժերի դուրսմղումը կարելի է համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի կարեւոր արդյունքներից մեկը:
Սերժ Սարգսյանն էլ կարծես թե անմասն չմնաց այդ արդյունքի “դափնին” կիսելուց, քանի որ այդ ամենին հավաքեց իր մոտ` իշխանական ճամբար, ինչը մեկընդմիշտ բացահայտեց այդ ուժերի սնանկությունն ու քաղաքական անհամարժեքությունը: Չէ որ իշխանական ճամբարը “քաղաքական աղբանոց” է, նկատի ունենալով այդ համակարգի ապաքաղաքական բնույթը, կառուցվածքը եւ փոխհարաբերությունները:
Բայց այժմ կարծես թե նկատվում է “աղբանոցից” նրանց վերադարձի միտում: ԱԺՄ-ն խոսում է այդ մասին բացահայտ, հավանաբար շուտով այդ խոսակցություններին կմիանա Գեղամյանը, հետո միգուցե Խոսրով Հարությունյանը, ով կարծես թե նույնպես հայտարարել է խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին: Հետո գուցե Արամ Գասպարիչ, Օստապ Իբրահիմովիչ, գուցե այլք, կլցվեն դաշտ:
Ինչու: Միթե Սերժ Սարգսյանը նրանց հավաքել էր “քաղաքական աղբանոցում”, որպեսզի հետո բարդ իրավիճակում նետեր քաղաքական դաշտ եւ նորից “գարշահոտություն” տարածեր այնտեղ, թե պարզապես այդ մարդիկ գոհ չեն Սերժ Սարգսյանից եւ ուզում են նրանից ավելի լավ պայմաններ կորզել առաջիկա գործընթացի համար:
Հավանաբար գործ ունենք առաջին տարբերակի հետ, քանի որ հազիվ թե այդ ուժերն ունեն երկրորդի հնարավորություն: Բանն այն է, որ նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ չեն կարող ոչ մի պայման թելադրել եւ իրենց քաղաքական ակտիվությամբ պայման թելադրել Սերժ Սարգսյանին:
Քաղաքական ակտիվություն նրանց ըստ ամենայնի Սերժ Սարգսյանն է թելադրում: Բայց այս անգամ կարծես թե նրանք ունեն այլ գործառույթ, կան օրինակ իրականացնում էին 2008 թվականի ընտրարշավում: Այն ժամանակ այդ ուժերի բուն գործառույթը Լեւոն Տեր-Պետրոսյանին հարվածելն էր:
Ներկայում այդ խնդիրը թերեւս ենթարկվել է փոփոխության, ելնելով ներքաղաքական զարգացման տրամաբանության փոփոխություններից: Սերժ Սարգսյանն այդ ուժերին այժմ թերեւս ակտիվացնում է կամ ոչ այնքան Տեր-Պետրոսյանի, որքան Ռոբերտ Քոչարյանի դեմ, կամ էլ հավարապես թե Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի: Բայց, ավելի շատ թերեւս Քոչարյանի, ով ակնարկել է իր հնարավոր ակտիվության մասին եւ ում ակնարկը Սերժ Սարգսյանը կարծես թե բավական լուրջ վտանգ է համարում:
Բանն այն է, որ այդ “վերակենդանացող” ուժերով այլեւս հազիվ թե հնարավոր լինի էական հարված հասցնել Տեր-Պետրոսյանին: Քաղաքական դաշտում ներկայումս ստեղծվել է մի վիճակ, երբ Տեր-Պետրոսյանից ավելի լավ ոչ ոք չի կարող նրան հարված հասցնել: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանին կարող է օգնել միայն ինքը Տեր-Պետրոսյանը:
Իսկ ահա Քոչարյանին “հարվածելու” մասով, “քաղաքական աղբանոցից” վերադարձով ուժերը կարող են Սերժ Սարգսյանին օգնել: Բանն այն է, որ երբ Քոչարյանն էապես ակտիվանա, իշխանության խողովակներով նրան հարվածներ հասցնելը Սերժ Սարգսյանի համար կլինի ոչ այդքան հարմար, քանի որ դա կարող է լուրջ պառակտում առաջ բերել իշխանական շրջանակում եւ վտանգել արդեն ամբողջ համակարգը` Սարգսյանին ու Քոչարյանին միասին:
Քոչարյանին իհարկե կարող է լավ հարվածել Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը: Բայց այդ դեպքում էլ մեկ այլ վտանգ կա` կարող է խորանալ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան ուղղակի կամ անուղղակի գործակցության կասկածը, ինչը կձեւավորի մի ընդհանուր մթնոլորտ, որը էլ ավելի պարարտ ներիշխանական հող կարող է ստեղծել Քոչարյանի վերադարձի համար, միեւնույն ժամանակ էլ ավելի թուլացնելով Տեր-Պետրոսյանի շարժման հասարակական հողը:
Այդ իսկ պատճառով, թերեւս ամենաշահեկան տարբերակը կարող է լինել այսպես ասած չեզոք, կամ “երրորդ ուժի” քննադատությունը Քոչարյանին, ով անուղղակի կերպով ինքն է փորձում ձեւավորել այդ “երրորդ” քաղաքական բեւեռը: Այսինքն, Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է “երրորդ ուժ” հանել Ռոբերտ Քոչարյանի դեմ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: