Tuesday, October 4, 2011

Մահմեդական աշխարհը քննադատում է Ադրբեջանի հակակրոնական գործողությունները

News.am. 4-10-2011- Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ հանդես եկող մահմեդականներին օժանդակելու նպատակով միջազգային քարավան է ստեղծվել, գրում է ադրբեջանական TIA.az կայքը եւ նշում, որ այդ ակցիան կազմակերպել է Միջազգային իսլամի արդարություն եւ ազատություն կոմիտեն, որի կենտրոնը գտնվում է Ստամբուլում: Տեղեկության համաձայն, կոմիտեն քննադատում է Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքը եւ իսլամական արժեքների նկատմամբ ուժգնացող ճնշումները:
Նշվում է, որ հիջաբների արգելքի դեմ հանդես եկողները ձերբակալվում են, եւ կոմիտեն նրանց օժանդակելու նպատակով որոշում է ընդունել միջազգային քարավան ուղարկել Ադրբեջան: Այդ քարավանի մեջ մտնում են իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլոք:
Քարավանի կապակցությամբ, Միջազգային իսլամի արդարության եւ ազատության հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանում հոգեւորականների դեմ կիրառվող ճնշումները եւ բռնությունները գտնվում են իսլամական աշխարհի ուշադրության ներքո, եւ որոշում է ընդունվել քայլեր ձեռնարկել` բռնի գործողությունները կանխելու նպատակով: Մոտավորապես 50 ավտոմեքենայի ղեկավարությամբ այդ քարավանը ցանկանում է համաշխարհային հանրությանը իրազեկել ադրբեջանական բռնությունների մասին, ինչպես նաեւ օժանդակել ձերբակալված մեր մուսուլման եղբայրներին»:
Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ եթե արգելքներ ստեղծվեն քարավանի` Ադրբեջան մտնելու համար, ապա դրա համար պատասխանատվություն կենթարկվեն ադրբեջանական իշխանությունները, հաղորդում է ադրբեջանական կայքը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում նոր ուսումնական տարվա սկզբից հիջաբով եկած աշակերտներին թույլ չեն տալիս մտնել դպրոց: Այդ հարցի կապակցությամբ Բաքու քաղաքի կրթական վարչության հասարակության հետ կապերի մասնաճյուղի ղեկավար Զեմինա Ալիգըզըն հայտարարել էր. «Մենք չենք ցանկանում այդ թեման կրկին օրակարգ բերել, որովհետեւ մեր դիրքորոշումը չենք փոխելու: Մենք խնդրում եւ պահանջում ենք, որ աշակերտները դպրոց ներկայանան բացառապես դպրոցական համազգեստով»:
Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարության` Ադրբեջանում դավանանքի ազատության վերաբերյալ սեպտեմբերի 13-ի զեկույցում նշված էր, որ չնայած Ադրբեջանի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն գործնականում իշխանությունները սահմանափակում են այն: Սահմանափակումների շարքում արձանագրված էին մի շարք արգելքներ, ինչպես օրինակ` ցածր եւ միջին դասարանների աշակերտուհիների համար հիջաբներ կրելու արգելքը, կրոնական գործունեության մասին օրենքների խախտման համար տուգանքների ավելացումը եւ այլն:

No comments: