Monday, October 31, 2011

ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» քննարկում. ՀՅԴ-ականն առաջարկում է ստեղծել հայրենասիրական դաշինք

Panorama.am. 31-10-2011- «Հայաստանում մեկ կենտրոնական դաշինքի ձևավորման անհրաժեշտություն կա, որը պետք է լինի հայրենասիրական, երկրի արտաքին ու ներքին խնդիրներով մտահոգվող դաշինք, որն ավելի շուտ կենտրոնացած պետք է լինի սոցիալական խնդիրների լուծման վրա»,- Քաղաքական և միջազգային հետազոտություններ հայկական կենտրոնը ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի հետ կազմակերպած համատեղ քաղաքական քննարկմանը` նախընտրական և հետընտրական դաշինքներ թեմայով, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր դաշինքների մասին, նա ասաց, որ ՀՅԴ-ՀԱԿ միավորումը 99 տոկոսով անհնար է, ու ՀՅԴ-ն ընտրությունների կգնա որպես առանձին կուսակցություն, առանց որևէ դաշինքի միանալու: Ըստ նրա, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, որպես ընդդիմադիր քաղաքական ուժեր, հնարավոր է անցնեն խորհրդարան: ՀՅԴ-ականի կարծիքով, եթե ԲՀԿ-ն ընտրությունների գնա որպես առանձին ուժ, ապա դա չի կարելի դիտարկել որպես քաղաքական նոր բևեռ, այլ արդյունքում կլինեն ներիշխանական վերադասավորումներ: Միաժամանակ նա ասաց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում: Ի դեպ, ՀՅԴ-ական պատգամավորի այս դիտարկման հետ համամիտ չէր քննարկմանը ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ իրենք ցանկանում են համագործակցություն ապահովել քաղաքական ուժերի միջև և այդ համագործակցությունը լինի երկարաժամկետ: Բայց, ըստ նրա, միավորումները ինքնանպատակ չպետք է լինեն: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ նախ և առաջ հարկավոր է ընտրություններն անցկացել նորմալ, առանց խախտումների ու կեղծիքների:
«Ընդունելով կոալիցիոն ձևավորումների թեման, զարմանալի է, թե ինչու է դարձել այսօր բուռն քննարկումների առարկա: Առաջնահերթ խնդիրներից չէ, որը կարող է դառնալ քննարկման առարկա»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: «Այսօր գուշակել, թե երկու-երեք տարի հետո ինչ տեսքով կլինեն կոալիցիաները, գնում է գուշակությունների դաշտ, որը չեմ ուզում մտնել»:

No comments: