Saturday, October 15, 2011

Օբաման փորձում է համոզել Անկարային միանալ հակաիրանական դաշինքին

Tert.am. 15-10-2011- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիվանագետներից կազմված հատուկ պատվիրակություն է ուղարկել Թուրքիա՝ Անկարային հակաիրանական դաշինքին միանալու հարցում համոզելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» օրաթերթը։
Ինչպես գրում է թուրքական պարբերականը, Վաշինգտոնը ներկա պահին հատուկ ծրագիր է մշակում ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ ծրագրված մահափորձի համար Թեհրանի դեմ ճնշումներ գործադրելու նպատակով։ Օբամայի վարչակազմը ցանկանում է, որ այդ ծարգրին մասնակցի նաև Թուրքիան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել էր, թե Վաշինգտոնը 2 իրանցիների մեղադրում է ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափարձ ծրագրելու մեջ։ Դատախազի խոսքով՝ իրանցիները, որոնցից մեկն ԱՄՆ քաղաքացի է և ձերբակալվել է Նյու Յորքում, իսկ մյուսը հետախուզվում է, ցանկանում էին սպանել Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ–Ջուբերին։ Այդ նպատակով իրանցիները ծրագրում էին պայթեցնել այն ռեստորանը, որտեղ հաճախ ճաշում էր դեսպանը։
ԱՄՆ գլխավոր դատախազի այդ հայտարարությունից հետո ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Խազաին նամակով դիմել էր ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, որում հերքել էր Վաշինգտոնի կողմից ներկայացված մեղադարանքներն ու ԱՄՆ–ին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ։

No comments: