Saturday, October 29, 2011

ՌԴ ԱԳՆ-ն խնդրել է ՀՀ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը Գյուլի հետ չտեղափոխել միջնորդության հարթություն

Panorama.am. 28-10-2011- Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ՌԴ ԱԳՆ-ն խնդրել է չտեղափոխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդության հարթություն: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ, լրագրողներից մեկը նշել է, որ վերջերս Սերժ Սարգսյանի պետական այցի ժամանակ ՀՀ և ՌԴ նախագահները համատեղ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահի հետ` տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, ապա հետաքրքրվել է, թե արդյոք կարելի է դա գնահատել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի կողմից միջնորդություն ստանձնելու փորձ:
Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Ինչքան ինձ հայտնի է, ձեր հիշատակած հեռախոսազրույցում Դ. Մեդվեդևն ու Ս. Սարգսյանը ցավակցություն են հատնել Թուրքիայում տեղի ունեցած ծանր աղետի կապակցությամբ և դժվար իրավիճակում աջակցություն են հայտնել թուրք ժողովրդին: Ես դա չէի տեղափոխի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման միջնորդական հարթություն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` Վանում տեղի ունեցած երկրաշարժից մեկ օր անց Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների ընդմիջմանը Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար: Հեռախոսազրույցը տեղի էր ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

No comments: