«ԱԶԳ», 07-10-2011 - Ադրբեջանի արտգործնախարարը բացառիկ հարցազրույց է տվել RT հեռուստաընկերության արաբալեզու ալիքին: Դժվար է ասել, թե ինչ ենթատեքստ են դրել դրանում կազմակերպիչներն ու Էլմար Մամեդյարովը: Բայց վերջինս մի շատ արտառոց հայտարարություն է արել. «Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ադրբեջանական եւ հայկական համայնքների, որոնք երբեւէ այստեղ ապրել են կողք կողքի, կողմից` միասին: Մենք պետք է առաջին հերթին համապատասխան պայմաններ ստեղծենք, չէ՞ որ քանի դեռ տարածքներն «օկուպացված են», չի կարելի խոսել կարգավիճակը կամավոր որոշելու մասին, ինչը պնդում է հայկական կողմը»:Տվյալ դեպքում մենք ելնում ենք զուտ տեսականությունից: Գործնականում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված է: Շատ շուտով Արցախում կնշվի սահմանադրության ընդունման հինգերորդ, անկախության հանրաքվեի եւ պետական իշխանության մարմինների ձեւավորման 20-րդ տարեդարձը: Բայց քանի որ Ադրբեջանի արտգործնախարարը բանավեճի նոր թեմա է շրջանառել, ճիշտ չէր լինի այն մատնել անուշադրության:
Եվ այսպես, ըստ Մամեդյարովի, «Ղարաբաղի կարգավիճակի որոշման սուբյեկտ են ադրբեջանական եւ հայկական համայնքները»: Սա նոր շեշտադրում է: Նախկինում պաշտոնական Բաքուն ասում էր, որ «կարգավիճակի հարցը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձից հետո»: Միաժամանակ էլ ադրբեջանական կողմը չէր ընդունում Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքները, «քանի որ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել»:
Որ դա շատ խախուտ «կռվան» է, այժմ, հավանաբար, հասկացել են նաեւ Բաքվում: Այսինքն, 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում այդ պահի դրությամբ ապրող ադրբեջանցիները կարող էին, հնարավորություն ունեին մասնակցելու հանրաքվեին եւ արտահայտելու իրենց կամքը: Իրենց իրավունքն ու ընձեռած հնարավորությունը, սակայն, նրանք չեն օգտագործել: Դա էլ հենց կամքի արտահայտություն է: Ճիշտ այնպես, ինչպես որ մարդիկ չեն մասնակցում ընտրություններին: Բայց դրանից վերջիններս անօրինական չեն ճանաչվում:
Մինչդեռ այսօր Մամեդյարովը շրջանառության է դնում «Ղարաբաղի կարգավիճակի որոշման համայնքային իրավունքի» գաղափարը: Կրկնենք, մեր դիտարկումները միայն տեսական են: Կա՞ երաշխիք, որ «արդեն ԼՂ վերադարձած «ադրբեջանական համայնքը» ցանկություն կունենա մասնակցելու «Ղարաբաղի կարգավիճակի որոշման» գործընթացին»: Այդպիսի երաշխիք ոչ ոք տալ չի կարող: Նույնիսկ Իլհամ Ալիեւը: Երկրորդ, ի՞նչ կարգավիճակով է «ԼՂ վերադառնալու «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», որպեսզի «կողք կողքի ապրի» հայերի հետ»: Չէ՞ որ այդ մարդիկ այսօր Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ «պիտի վերադառնան մի տեղաշրջան, որի կարգավիճակը որոշվելու է ապագայում»: Իսկ մինչ այդ « վերադարձածները» համարվելու են ադրբեջանահպատա՞կ, թե՞... Երրորդ, «վերադարձածները» ի՞նչ հիմքով են «կազմակերպելու իրենց պետական եւ հանրային կյանքը, կառավարման ի՞նչ մարմիններ եւ ինչպե՞ս են ձեւավորելու»: Չէ՞ որ Իլհամ Ալիեւն ասում է, որ «հանրաքվե կարող է անցկացվել 100 տարի հետո»: Այդքան ժամանակ այդ մարդիկ ԼՂ-ում «ապրելու են օդից կախվածի՞ կարգավիճակով»:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանն Էլմար Մամեդյարովը պետք է ունենա նախքան «ադրբեջանական համայնքի վերադարձի» մասին սադրիչ հայտարարություն անելը: Այլ բան է շեշտել «իրենց բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունքը», որ զուտ հումանիտար հարթության խնդիր է եւ չի առնչվում պետության ճանաչվածության-չճանաչվածությանը, եւ բոլորովին այլ, երբ «Ղարաբաղի կարգավիճակի որոշման սուբյեկտությունը բաժանվում է «երկու իրավահավասարազոր համայնքների միջեւ»»: Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային միջնորդության առաջարկի ակնհայտ նենգափոխում:
Այդ դեպքում պետք է ընդունել, որ Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունները ցանկացած հարցում իրավասու են կամք արտահայտելու առանձին: Մինչդեռ դա այդպես չէ: Քանի որ կամարտահայտության հիմքում դրված է ոչ թե էթնիկ պատկանելության, այլ` քաղաքացիության սկզբունքը: Որեւէ մեկը թալիշներին, լեզգիներին, ռուսներին, հրեաներին չի հարցրել` համաձա՞յն են նրանք, որ ադրբեջաներենը հռչակվի միակ պետական լեզու: Որեւէ մեկը հնարավորություն չի ընձեռել, որ էթնիկ փոքրամասնություններն իրենց կամքն արտահայտեն Ադրբեջանի` որպես միասնական-ունիտար պետության հարցում: Քանի որ ընդունվել է, որ «Ադրբեջանը նրա բոլոր քաղաքացիների` անկախ ազգությունից, կրոնական պատկանելությունից, հայրենիքն է»:
Ադրբեջանցի քաղաքագետ եւ խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը բավական դիպուկ եւ անաչառ է ձեւակերպել բանավեճի թեման. «Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկա՞խ, թե՞ Ադրբեջանի «կազմում ունենա լայն ինքնավարություն»»: Խնդիրն այս է: Լեռնային Ղարաբաղն այսօր փաստացի անկախ պետություն է: Ադրբեջանը դա վիճարկում է: Միջնորդներն առաջարկում են «նոր հանրաքվեի» գաղափարը: Եվ իմաստ չունի «գյուտ արածի» տեսք ընդունել: Պետք է ընդամենը պատասխանել մի պարզ հարցի. «Ադրբեջանական իշխող էլիտան ընդունա՞կ է քաղաքական կամք դրսեւորել եւ ընդառաջել միջնորդներին»: Մնացածը դատարկ հռետորաբանություն է, որ ոչինչ չի տալիս:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment