Saturday, October 29, 2011

Իրանն աջակցում է իսլամական շարժմանը

News.am. 29-10-2011- Իրանն աջակցում է ողջ իսլամական շարժմանը, որը ձգտում է արդարության եւ խաղաղության: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Իրանի իսլամական մշակույթի եւ կողմնորոշման նախարար Մուհամեդ Զադեհը` մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսաային Աֆրիկայում:
«Ես շնորհավորում եմ այն երկրներին, ովքեր հաղթանակ են տարել բռնապետների նկատմամբ եւ ողջունում եմ նրանց, ովքեր այդ ճանապարհին են»,- հայտարարել է նա` Թեհրանում անցկացվող մամուլի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցների հետ հանդիպմանը:
Նախարարը նաեւ մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում` հայտարարելով, որ ոչ ոք չի կարող որոշել սիրիացի ժողովրդի փոխարեն:
«Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ապստամբությունների բռնկումը հասնում է մինչեւ Եվրոպա»,- ընդգծել է նախարարը` ավելացնելով, որ Իրանը երբեք այլ պետությունների գործերին չի միջամտում: «Իսլամական պետությունը պաշտպանում է մարդկանց կարծիքները, որոնք ապրում են այս կամ այն երկրում: Ինչ էլ որ ցանկանա այս կամ այն երկրի ժողովուրդը` Իրանը միշտ պաշտպանում է այն»,- ամփոփել է նախարարը:

No comments: