Monday, October 31, 2011

Լրագրողների ձեռքում հայտնվել է Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության պայմանագիրը

Tert.am. 31-10-2011- Լրագրողների ձեռքում հայտնվել է Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության պայմանագիրը։
Ինչպես գրում է լատվիական «Ժամ» օրաթերթը, պայմանագրում սպառազինության վաճառքի գործում որպես կողմ են ներկայացվում Մոլդովայի պաշտպանության նախարարությունը և լատվիական Latspeceksports ընկերությունը։
Թերթը գրում է, որ Latspeceksports–ը Մոլդովայից գնել է սպառազինություն և այն վաճառել Հայաստանին։
«Ընկերությունը սպառազինության մատակարարաման համար չուներ Լատվիայի արտգործնախարարության պաշտոնական թույլտվությունը։ Latspeceksports–ն իբր դիմել է թույլտվություն ստանալու համար, սակայն ընկերությանը մերժել են»,– գրում է «Ժամը»։
Նշենք, որ ավելի վաղ Լատվիայի իշխանությունները հայտարարել էին, թե որևէ առնչություն չունեն Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության հետ։
Շաբաթներ առաջ մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է «60 տոննա ժամկետանց սպառազինություն»։ Այս տեղեկությունը հաստատում է Մոլդովայի պաշտպանության նախարարը, մինչդեռ հայկական կողմը հերքում է այն:
Բացի այդ, մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է ժամկենտանց, բայց բավական թանկարժեք զինատեսակներ շուկայականից անհամեմատ ցածր գնով։
Հայաստանին վաճառված զինատեսակներից են «Կոբրա» հրթիռների համար նախատեսված 9В862, 9В863, ինչպես նաև «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար նախատեսված 9В871-3 վերահսկիչ–ստուգիչ համալիրները։ Դրանցից յուրաքանչյուրի գինը գերազանցում է 60 հազար ԱՄՆ դոլարը։ Վաճառված սպառազինության թվում կան «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ–Ս», «Մետիս» տիպի հազարավոր հրթիռներ։

No comments: