Monday, October 31, 2011

Քոչարյանական «ճակատը» չի՞ կայանում

«Լրագիր» 31-10-2011- Գագիկ Ծառուկյանի նոր հարցազրույցը, որտեղ նա փաստորեն վերհաստատում է հավատարմությունը փետրվարի 17-ի հուշագրով կայացրած պայմանավորվածությունների հանդեպ, հարց է առաջ բերում, թե արդյոք Ծառուկյանի այդ մեկնաբանությունը նշանակում է, որ Քոչարյանը հրաժարվում է խորհրդարանի ընտրությանը ներգրավվելու մտադրությունից:
Իհարկե, Քոչարյանն ինքը այդպիսի մտադրություն հրապարակավ չի հայտարարել: Նրա ներգրավվածության մասին ենթադրություն էր արել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ դրանից հետո էլ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել եւ նշել իր վերադարձի երեք կետ՝ տնտեսական անմխիթար վիճակ, հանրային պահանջարկ եւ իրավիճակը արմատապես փոխելու կարողություն:
Քոչարյանի զգուշավորությունը հասկանալի էր: Նա երբեք չի հայտարարի իր վերադարձի մասին, եթե վստահ չլինի, որ դրան խանգարող ոչինչ չկա, եւ վերադարձը կիսատ չի մնա: Ներկայիս պայմանները, մեղմ ասած, լավատեսություն չեն ներշնչում այդ առումով, բայց դա չի նշանակում, որ Քոչարյանը ձեռնպահ էր մնալու խորհրդարանի առաջիկա ընտրությանն ակտիվ ներգրավվածություն ունենալուց, թեկուզ անուղղակիորեն:
Բանն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգի կառուցվածքը այնպիսին է, որ կամ պետք է այդ համակարգը քանդես այսպես ասած հեղափոխական ճանապարհով, կամ պետք է համակարգ մտնես ներսից: Դժվար է պատկերացնել Քոչարյանին հեղափոխական ճանապարհի վրա: Իսկ ներսից մտնելու համար, նա պետք է երբեք չկորցնի իր դիրքերը համակարգում: Եվ հենց միայն դա արդեն իսկ բավական է, որ Քոչարյանը հետաքրքրված լիներ խորհրդարանի առաջիկա ընտրությամբ եւ ձգտեր դրա միջոցով հնարավորինս ընդլայնել իր ազդեցությունն իշխանական համակարգում, վերադարձի շանսեր պահելու համար:
Այդ իմաստով թերեւս անկասկած է, որ չնայած ուղղակի եւ բացահայտ հայտարարության բացակայությանը, Քոչարյանը լինելու էր խորհրդարանի ընտրության հիմնական սուբյեկտներից մեկը: Իսկ Գագիկ Ծառուկյանին, թե իշխանական շատ գործիչներ եւ շրջանակներ, թե հասարակական-քաղաքական այլ շրջանակներ, համարում կամ ընկալում են որպես այդ սուբյեկտի գլխավոր գործընկերներից մեկը, ինչը հաստատվեց հատկապես Ծառուկյանի այն հայտարարությամբ, որ Քոչարյանն ունի վերադառնալու քաղաքական եւ բարոյական իրավունք:
Ահա այդ տեսանկյունից, հարց է առաջանում, թե արդյոք կոալիցիոն հուշագրին Գագիկ Ծառուկյանի հավատարմությունը նշանակում է, որ Քոչարյանը դադարեցրել է իր քաղաքական ծրագրերը, ինչից ելնելով էլ Ծառուկյանը որոշել է չհակադրվել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ առանց Քոչարյանի աջակցության, այդ հակադրությունն իր համար կարող էր բավական ծանր ավարտ ունենալ:
Բայց, չէր կարող արդյոք Ծառուկյանն իր քաղաքական գործունեությունը իրականացներ Քոչարյանի ծրագրերից անկախ: Այսինքն, կարող էր արդյոք լինել այնպես, որ ոչ թե Ծառուկյանը հույս դներ Քոչարյանի վրա, այլ Քոչարյանը ակնկալեր Ծառուկյանի աջակցությունն իր վերադարձի հարցում:
Միգուցե Ծառուկյանի հայտարարությունը ոչ թե Քոչարյանի արգելակման հետեւանք է, այլ Քոչարյանի արգելակումը կարող է լինել կոալիցիոն հուշագիրը վերհաստատելու մասին Ծառուկյանի հայտարարության հետեւանք: Այսինքն, ոչ թե Ծառուկյանը ընդունեց Սերժ Սարգսյանի առաջնայնությունն այն պատճառով, որ Քոչարյանը որոշեց ընդհատել իր ակտիվանալու գործընթացը, այլ Քոչարյանն այդ գործընթացը ստիպված կլինի ընդհատել, որովհետեւ Ծառուկյանն ընտրեց Սերժ Սարգսյանի առաջնայնությունը:
Ի դեպ, այդ առումով հատկանշական է Դաշնակցության արձագանքը, որը նույնպես ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի անուղղակի, բայց հնարավոր քաղաքական հենարան: Դաշնակցությունն իր դժգոհությունն է հայտնում կոալիցիոն հուշագրի կապակցությամբ, ասելով, թե հանրությունը դա չի ընդունում: Հետաքրքրական է, երբ Դաշնակցությունն ինքն էր կոալիցիա կազմում, հանրությունն ընդունում էր, երբ կազմում են առանց իրեն, պարզվում է, որ հանրությունը չի ընդունում:
Իրականում այստեղ նկատվում է հիասթափության տարր, որ ՀՅԴ-ն ապրում է ԲՀԿ-ից: Ըստ երեւույթին, Դաշնակցությունն ակնկալում էր, որ ԲՀԿ-ն մինչեւ վերջ կշարունակի առճակատումը ՀՀԿ հետ եւ հնարավոր կլինի ձեւավորել այսպես ասած «Քոչարյանի վերադարձի» միասնական «ճակատ»: Դրանով էապես կարող էր բարձրանալ Դաշնակցության քաղաքական կշիռը: Սակայն ԲՀԿ-ն խափանում է այդ ծրագրերը, Քոչարյանին էլ զրկում իր ծրագրերն առաջ տանելու հեռանկարից, այդպիսով նաեւ ըստ էության հարվածելով ՀՅԴ ներքաղաքական սուբյեկտության հեռանկարին, քանի որ առանց ԲՀԿ-ի, այսպես ասած «քոչարյանական ճակատը» կլիներ չափազանց անպաշտպան եւ անկենսունակ: Իսկ եթե ՀՅԴ-ն «քոչարյանական ճակատում» չէ, ապա թերեւս հայտնվելու է բավական մարգինալ մի իրավիճակում, փորձելով լուծել ընդամենը 5 տոկոսը հաղթահարելու խնդիրը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: