Sunday, October 2, 2011

Սեփական անմեղությունն ապացուցելու դիվային արժեհամակարգի արդյունքն են զոհված զինվորները. Պարգև սրբազան

Tert.am. 1-10-2011- Բանակում՝ խաղաղ պայմաններում կատարվող սպանությունների պատճառների մասին այսօր խոսեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Հ2 ՀԸ-ի «Հոգևոր անվտանգություն» հաղորդման շրջանակում պատասխանելով հեռուստադիտողների հարցերին։
«Մենք գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում,- ասաց նա։- Ցավոք, Ադրբեջանի կողմից երբեմն-երբեմն խախտվում է սահմանը, կրակում են դիպուկահարներ, և մենք զոհեր ու վիրավորներ ենք ունենում։ Մենք ստիպված ենք լինում պատասխանել։ Ցավն այն է, որ երկկողմանի երիտասարդներ են զոհվում, ընտանիքներին՝ վիշտ և ողբերգություն, անիմաստ ցավեր, և դրանում մեղավոր է միայն Ադրբեջանի իշխանությունը, բայց անցնենք Ձեր բուն հարցին»։
Նա պատմեց, թե ինչպես են կատարվել երկու դեպքեր՝ որոնցից մեկի արդյունքում եղել է չորս զոհ կար, մյուսի դեպքում՝ չորս զոհ և երեք վիրավոր։ «Առաջին դեպքում սպան հրամայել էր սերժանտին՝ ամեն մեկդ Ձեր դիրքը զորամասում ճիշտ կպահեք, արթուն կմնաք։ Սպան գալիս է, տեսնում մարդը քնած է, զայրանում է, սկսում է դիտողություններ անել, ենթասպան ասում է՝ չէ՞ որ խնդրել էի, որ արթուն մնաք։ Հետո ավելի կոպիտ խոսքեր է ասում այդ զինվորների հասցեին։ Զինվորների մոտ ընկերը, որ եկել էր Ամերիկայից, տեսնելով, որ իր ընկերների հետ կոպիտ են վարվում, խոսում, վերցնում է ավտոմատը, սկսում կրակել։ Մյուս զինվորները, տեսնելով այդ դեպքը, վերցնում են իրենց զենքերը, գալիս այդ կրակը մարելու։ Արդյունքում՝ ունեցանք չորս զոհ։
«Երկրորդ դեպքն եմ պատմում. ութ ընկերներ, որ ծառայում էին միասին, շատ մտերիմ էին։ Նրանցից մեկը ականջների վրա դրած պլեյերով երաժշտություն էր լսում։ Այդպես լսելը արգելված էր, և սպայի մոտենալու լուրը տղաներն արագ հաղորդում են իրար, վերցնում սարքը, շպրտում մի տեղ, որ չհայտնաբերվի։ Սպան եկավ, ստուգեց, գնաց, վերցրին այդ պլեյերը տեսան, որ նրա թելերից մեկը վնասված է։ Հետաքննություն իրար մեջ անցկացրին, թե ով կարող էր այդ թելը վնասած լինել։ Քննությունն անցկացրին, կանգնեցին մեկի վրա, որ հայ զինվոր է, բայց, չգիտես ինչու, մականունը՝ Եզդի։ Բոլորն ասում են, որ նա է մեղավոր, նա էլ՝ ես չեմ, ես չեմ վնասել։ Եվ ասում են՝ պիտի երդում տաս (մենք երդում ենք ասում, բայց ծանր հայհոյանքի տակ են դնում, որ ընդունված է իրենց մեջ)»,- պատմեց Պարգև սրբազանը՝ նշելով, որ անձամբ զրուցել է տղայի հետ, ով նվագարկիչի լարի վնասման արդյունքում ծագած այս վեճից հետո որոշել էր ինքնասպանություն գործել։
Արքեպիսկոպոսը բացատրեց, որ եթե նշված «հայհոյանքի տակ» են մտնում կամ որոշակի ժամկետում պիտի ապացուցեն իրենց անմեղությունը, կամ դառնում են անհարգալից վերաբերմունքի թիրախ։ «Դա նշանակում է՝ կամ ինքը պիտի իրեն գնդակահարի, որովհետև, եթե իր մասին այդպիսի կարծիք է ստեղծվել, ինքը բանակում կդառնա «փալաս», իսկ եթե գնա իր բնակավայրը, լուրեր պիտի ուղարկեն, թե սա էսպիսի մարդ է, ինքը հարգանքից պիտի զրկված լինի, ուրեմն՝ ինքը պիտի ինքնասպան լինի։ Կամ էլ այս դեպքերում ասում են՝ եթե դու մեղավոր չես, դու պիտի մեզ ապացուցես, գնա խրամատում 5-7 րոպե կանգնի անվախորեն»,- ասաց նա։
Արդյունքում սեփական անմեղությունը նման անտրամաբանական ձևով ապացուցելիս հայ զինվորը նկատելի է դառնում թշնամու դիպուկահարի համար, ով և չի հապաղում կրակել։ «Ստացվում է, որ թշնամին է կրակել, բայց մեր տղաների պատճառով անիմաստ զոհ ենք ունեցել»։
Տվյալ դեպքում՝ խորհելով, թե ես անմեղ եմ՝ ինչու պիտի ինքս ինձ սպանեմ, Եզդին վերցնում է զենքն ու սկսում կրակել։ «Արդյունքում, չորսը զոհվում են, երեքը վիրավորվում։ Հետո տեսնում է՝ ինչ է արել, ինքն իրեն է վիրավորում»։,- պատմեց հոգևորականը։
«Ես անկեղծորեն Ձեզ պատմեցի երկու դեպք, և խնդրում եմ, որ ամեն մի ծնող իր զավակին հանդիպելուց, բանակ այցելելուց, նամակ գրելուց, հեռախոսով խոսելուց անպայման զգուշացնի այս մասին, քանի որ այն սասանում է մեր պետականության հիմքերը»,- նշեց սրբազանը։
Ըստ նրա՝ այս երևույթը դիվային ուժերի՝ նրբորեն հյուսված ոստայն է։ «Չարը ամեն անգամ նրբորեն մի բան է մատուցում մեզ, մենք էլ չիմանալով՝ կարծում ենք՝ դա մարդկային մտածին երևույթ է. դրա հետևում կանգնած են միայն սև, դիվային ուժերը։ Եվ սա ոչ միայն հոգևոր անվտանգության խնդիր է, այլև՝ ֆիզիկական, կենցաղային պետական անվտանգության խնդիր է»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ «Ձեզ պատմեցի և Ձեր օգնությանն եմ դիմում. Միասին փորձենք դուրս գալ այս վիճակից»,- հորդորեց Պարգև սրբազանը։

No comments: