Thursday, October 13, 2011

Սարգսյան–Ալիև հերթական հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա Սարկոզիի միջնորդությամբ. НГ

Tert.am. 13-10-2011- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները։
«Առաջարկությունը եղել է Ֆրանսիայի առաջնորդի՝ տարածաշրջան կատարած այցելության ժամանակ։ Այն քննարկվել և հաստատվել է Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների կողմից»,– պարբերականին ասել է աղբյուրը։
Սակայն «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում այդ տեղեկությունը կտրականապես հերքել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, որի անունը չի նշվում։
«Վերջին շրջանում Ադրբեջանի մոտ ինչ–որ տարօրինակություններ են նկատվում»,– ասել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Խոսելով ադրբեջանական կողմում նկատվող տարօրինակությունների մասին՝ հայ դիվանագետը նկատի ուներ ադրբեջանական ANS Press գործակալության տարածած այն տեղեկությունը, ըստ որի, ադրբեջանական կողմը 3 կմ երկարությամբ պատ է կառուցում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում»,– գրում է թերթը:
«Թող կառուցվի ոչ թե 3 կմ երկարությամբ, այլ ողջ սահմանի երկայնքով, որպեսզի ոչ նրանք մեզ տեսնեն, ոչ մենք՝ նրանց։ Սակայն ադրբեջանցիների վրա ավելի էժան կնստի, եթե նրանք սահմանից հետ քաշեն իրենց դիպուկահարներին։ Նրանք անտեսում են համանախագահների կոչերը և դա չեն անում։ Իսկ մենք ստիպված ենք կրակոցին պատասխանել կրակոցով։ Ամեն դեպքում, նրանք շատ նավթադոլարներ ունեն, ցանկանում են պատ կառուցել, թող կառուցեն»,– «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ՊԲ նեկայացուցիչը։
ANS Press գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բաքուն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պաշտպանական պատ է կառուցում։ Պատի կառուցման աշխատանքները սկսվել են Աղդամի շրջանի Օրթա Գերվենդ գյուղում։ Պատը, որի նպատակն է պաշտպանել սահմանամերձ շրջանի բնակիչներին «հակառակորդի գնդակներից», ունենալու է 3 մ բարձրություն և 2700 մ երկարություն։

No comments: