Tuesday, October 4, 2011

Ինչո՞ւ Սեֆիլյանը, Խզմալյանն ու Քոքոբելյանը Ազատության հրապարակում չեն. հարց Լևոն Տեր-Պետրոսյանին

Tert.am. 4-10-2011- Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց հետևյալ հարցին. «Ինչո՞ւ հրապարակում չեն վճռական գործողությունների կոչ անողները՝ Սեֆիլյանը, Խզմալյանը, Քոքոբելյանը և այլք...»։
«Անհարմար է՝ խոսեմ իմ ընկերների մասին, դա իրենց ընտրության հարցն է... Ինչ-ինչ պատճառներով նրանք խռովել են ինձանից... Սա ծանր աշխատանք է, մի մասը չի դիմանում, մի մասը համաձայն չէ մեզ հետ... Բայց կարելի է, կարելի է ինձանից էլ նեղանալ, Լևոն Զուրաբյանից էլ։ Մեկ-մեկ ես էլ եմ նեղանում, բայց այստեղ ժողովուրդն է, ուրեմն ժողովրդից են նեղացել։ Ես մուսալեռցի կողով մարդ եմ, չեմ հասկանում... ոչ ոք իրավունք չունի նեղանալ ժողովրդից»,- ասաց առաջին նախագահը:
«Այսօր դուք շփվում եք ժողովրդի հետ: Իշխանության գալուց հետո կհիշե՞ք ժողովրդի մասին, թե՞ կմեկուսանաք նախագահականում» հարցին ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց.
«Ես չեմ կարող ձեզ խաբել և դեմագոգիայով զբաղվել: Դուք Վացլավ Հավելին ճանաչում եք, որը հայտնի դիսիդենտներից մեկն էր։ Նա ասել է. «Երբ ես դիսիդետն էի, ես շարունակ գրգռվում էի ղեկավարների մեքենաների ու լիմուզինների տեսքից, բայց երբ դարձա նախագահ, հասկացա, որ նույն բանն եմ անում... Ինչ ուզում եք՝ արեք, բայց աշխարհի բոլոր նախագահները մեկուսանում են ժողովրդից, և դա նաև ժողովրդի համար է։ ԱՄՆ-ում Քենեդու սպանությունից հետո չեն կարողանում խելքի գալ, ի՞նչ կլինի մի քիչ ավելի անկայուն պետության մեջ։ Այդպիսի դեպքերը կարող են շրջել պետության քաղաքական իրավիճակը: Ցավում եմ, բայց ուրիշ տարբերակ չկա, նախագահը, վարչապետը, դատախազը և այլ պաշտոնյաներ, ովքեր պայքարում են հանցավորության դեմ, պետք է պաշտպանված լինեն»։

No comments: