Tuesday, October 4, 2011

Եկեղեցին երբեք չպետք է դառնա պետության գործիքը. Տեր-Պետրոսյանի դիտարկումները

Panorama.am. 3-10-2011- Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր տված հրապարակային ասուլիսի ժամանակ պատասխանեց նաև եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ հարցին: Առաջին նախագահը նախ հիշեցրեց Սահմանադրական այն նորմը, ըստ որի
Հայաստանը աշխարհիկ պետություն է, իսկ եկեղեցին անջատ է պետությունից:
«Ես կերազեի, որ եկեղեցին ազատ լիներ պետությունից»:
Շարունակելով պատասխանել քաղաքացիներից մեկի` Հայ առաքելական եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ հարցին, Տեր-Պետրոսյաննկատեց, որ պետությունից անջատ լինելը զարթոնքի հիմքն է, որ, վերջապես, պետությունը ազատվեց «եկեղեցու տոտալիտար իշխանությունից և սկսեց զարգացնել մշակույթն ու կրթությունը»:
Ըստ նրա, նախկինում եկեղեցին էր սահմանում այն գրքերը, որոնցով պետք էր դասավանդել ու հասարակությունը պետք է կարդար, եկեղեցին էր որոշում Գալիլեյի ճակատագիրը և այլն: Եվ միայն եկեղեցու լուծը թոթափելուց հետո հնարավոր դարձավ զարգացնել պետականությունը` այլևս պետությունն իր համար էր, եկեղեցին իր:
«Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի: Ես 6 տարի դասավանդել եմ ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել հրատարակչությունում, ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է»,- հավելեց ՀՀ առաջին նախագահը:
Նա նաև նկատեց, որ եկեղեցու գործերին չխառնվելու իր հաստատակամության մասին ժամանակին հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինին, որը եկեղեցու սպասավորի` երկու եպիսկոպոսի, նշանակման հարցում փորձել է խորհրդակցել նախագահի հետ: «Երբեք եկեղեցին չպետք է դառնա պետության գործիքը, ինչպիսինն այսօր դարձել է», -նշեց նա

No comments: