Thursday, October 13, 2011

Իրանցի գեներալ. Դավութօղլուն թող չհաճոյախոսի. Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը սպառնում են Իրանի ազգային շահերին

Panorama.am. 13-10-2011- Իրանցի գեներալ. Դավութօղլուն թող չհաճոյախոսի. Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը սպառնում են Իրանի ազգային շահերին
«Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումը սպառնում է Իրանի ազգային շահերին, և պաշտոնական Անկարան թույլատրեց, որպեսզի ՆԱՏՕ-ն Թուրքիայի տարածքից իրագործի իր նպատակները»:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է ԻՀՊԿ ծովային ուժերի նախկին հրամանատար, ռազմական փորձագետ, գեներալ Հոսեյն Ալային:
Իրանցի փորձագետը, մեկնաբանելով Թուրքիայի վարած երկակի քաղաքականությունը, նշել է. «ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայվում են Թուրքիայում, որպեսզի պաշտպանվեն իրանական կամ ռուսական հրթիռների հնարավոր հարձակումից, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարում է, որ դրանք ուղղված չեն Իրանի դեմ»:
Հոսեյն Ալային, շարունակելով թեման, հավելում է. «Այսպիսով, Թուրքիայի ղեկավարությունը, մինչև ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին որոշում ընդունելը, դրանց իրականացնելիք գործունեության համար տվել է իր համաձայնությունը, ուստի ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի ղեկավարների` իրանական կողմին ուղղված բացատրությունները, թե ՀՀՊ համակարգերը ուղղված չեն Իրանի դեմ, զուտ դիվանագիտական հայտարարություններ են, որոնց իրագործումը զուրկ է երաշխիքներից»:
Նկատենք, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման առնչությամբ իրենց խիստ մտահոգությունն են հայտնել Իրանի նախագահը, ԱԳ և ՊՆ նախարարները:
Իսկ օրերս Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, ԻՀՊԿ նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Ռահիմ Յահյա Սաֆավին հայտարարեց, որ եթե Թուրքիայի իշխանությունները չպարզեցնեն Իրանի հետ վարած իրենց արտաքին քաղաքականությունը, ապա խնդիրների առջև կկանգնեն:

No comments: