Thursday, October 13, 2011

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ. Մեզ ավելի շատ անհանգստացնում է միջազգային հանրության անտարբերությունը

Panorama.am. 13-10-2011- «Ադրբեջանի ռազմական բյուջեն շարքային ղարաբաղցուն չի հետաքրքրում: 90-ականների սկզբին Ադրբեջանը ռազմական տեխնիկայով առավելություն ուներ մեր նկատմամբ, տեսանք թե ինչ եղավ իր հետ»,- անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացմանը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:
«1994 թվականի Բիշքեկի համաձայնագիրը թող հիշեն, երբ եկել ու խնդրում էին, որ ստորագրենք այն: Միշտ չէ, երբ ռազմական տեխնիկայի առավելությունն է որոշում մարտի ելքը: Համաշխարհային փորձը դա բազմիցս ապացուցել է»,- ասաց արցախցի խորհրդարանականը:
Նա հիշեցրեց, որ Աֆղանստանի պատերազմի ժամանակ, մի ողջ տերություն (ԽՍՀՄ) չկարողացավ ծնկի բերել Աֆղանստանին, նույնը վերաբերվում է նաև Վիետնամի պատերազմին:
«Գիտեք, մենք մեր պետականությունն արդեն հռչակել են, ունենք ուժեղ բանակ, տարեցտարի հզորանում է մեր տնտեսությունը, այնպես, որ մեզ որևէ կերպ վախեցնել հնարավոր չէ: Մենք մի սկզբունքով ենք առաջնորդվում. կամ պետք է ապրենք անկախ կամ պետք է մեռնենք:
Ողջ աշխարհի առաջ Ադրբեջանը խախտելով սահմանված միջազգային նորմերը մեծ քանակությամբ զինտեխնիկա է ձեռք բերում, ամեն տարի ռազմական ծախսերն ավելացնում: Ի՞նչ է, ոչ մեկ դա չի նկատում, ինչո՞ւ միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքում այս ամենին: Մեզ ավելի շատ անհանգստացնում է միջազգային հանրության անտարբերությունը»,- նշեց Ա. Թովմասյանը:
Ըստ բանախոսի՝ ի վերջո, ցանկացած պատերազմի ելքը որոշում է մարտական ոգին, իսկ Ադրբեջանը պարտվողի հոգեբանությամբ է տառապում:
«ԼՂՀ պաշտպանության բանակն ի վիճակի է կասեցնել հակառակորդի ցանկացած ոտնձգություն, պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք, և մարտի ելքը վճռել այնպես, ինչպես դա եղավ 90-ականաններին»,- եզրափակեց նա:

No comments: