Thursday, October 13, 2011

Ղարաբաղյան նոր պատերազմը կլինի կարճատեւ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցեւը Կովկասի լրագրողների ցանցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, գրում է 1in.am-ը.
«ԵՄ-ի տնտեսական եւ քաղաքական խնդիրների առկայության դեպքում դժվար է ակնկալել, որ նրա ազդեցությունն աճելու է Հարավային Կովկասում։ Լոկալ հակամարտության դեպքում եթե ԵՄ-ը կարողանա արդյունավետորեն կատարել միջնորդական գործառույթ, ապա նրա ազդեցությունը կարող է անգամ աճել։ Ամեն ինչ կախված կլինի կոնկրետ իրավիճակից։
Ներկայումս Ռուսաստանի միջնորդությունն անկում է ապրել, եւ որոշ ժամանակով նրան կարող է փոխարինել ԵՄ-ը կամ, ասենք, Ֆրանսիան։ Միեւնույն ժամանակ, քիչ հավանական եմ համարում Լեռնային Ղարաբաղի շուրջ լանյամասշտաբ եւ երկարատեւ ռազմական գործողությունների վերսկսումը։
Ես տեսնում եմ իրադարձությունների զարգացման 4 սցենար.
ա) Ներկայիս անօգուտ բանակցությունների վերաբերյալ գոյություն ունեցող ոչ արդյունավետ քաղաքականության շարունակություն, որով աճում է Բաքվի կողմից «պատահական» կարճաժամկետ հակամարտության սանձազերծման հնարավորությունը։

բ) Նկատի ունենալով կողմերի անպատրաստ լինելը՝ բանակցություններից հրաժարում եւ իրավիճակի սառեցում եւս 10 տարով՝ ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ միջազգային երաշխիքների ստացման դեպքում։

գ) Դանդաղընթաց բանակցությունների շարունակում՝ դրան զուգահեռ ակտիվ աշխատանքներ տանելով Հայաստանի ու Ադրբեջանի հասարակություններում, որպեսզի նրանք փոխզիջումների գնան։

դ) Միջազգային կոալիցիայի ստեղծում՝ Բաքվին ու Երեւանին միջազգային հանրության կողմից մշակած փոխզիջման բանաձեւը հարկադրելու համար։ Ներկայումս գոյություն չունի Ղարաբաղի վերաբերյալ անգամ շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորություն։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը ներկայումս պատրաստ չեն փոխզիջումների, հետեւաբար բանակցությունները դատապարտված են ձախողման»։

No comments: